News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Աստանայում նախօրեին տեղի ունեցած ՀԱՊԿ Վեհաժողովում, փաստորեն, հաստատվեց տեղեկությունը, որ ՀԱՊԿ առնվազն որոշ անդամներ մտադիր են չշարունակել գլխավոր քարտուղարի պաշտոնի հայաստանյան քվոտան եւ առաջարկում են այն փոխանցել Բելառուսին, որը հաջորդն է ըստ այբբենական կարգի: Այդ մասին բարձրաձայնել է հյուրընկալող Նուրսուլթան Նազարբաեւը՝ բերելով հիմնավորում, թե Հայաստանի քվոտային, միեւնույն է, մնացել է մեկ տարի, եւ նոր քարտուղարը չի հասցնի նույնիսկ անցնել անդամ բոլոր երկրներով՝ լիարժեք աշխատանք սկսելու համար:

Առաջին հայացքից, իհարկե, Նազարբաեւի բացատրությունը թվում է հիմնավոր: Մյուս կողմից՝ դատելով ՀԱՊԿ, այսպես ասած, իրական բնույթից, ուղղակի ծիծաղելի է հնչում «գլխավոր քարտուղարի լիարժեք աշխատանք» արտահայտությունը: Կազմակերպությունն ինքը, ըստ էության, ֆորմալություն է ավելի շատ, քան ռազմա-քաղաքական դաշինք, ըստ այդմ՝ դրա գլխավոր քարտուղարի պաշտոնը առավել եւս ֆորմալ պաշտոն է՝ դարձյալ ըստ էության:

Ակնառու է, որ Նազարբաեւի բացատրությունն ավելի շատ պատրվակ է քվոտան Հայաստանին չթողնելու: Մյուս կողմից՝ ասել, թե դա, այսպես ասած, պատիժ է Խաչատուրովի գործի համար, որ իբրեւ թե Հայաստանը խաղացել է կազմակերպության հեղինակության հետ, հազիվ թե լինի իրականությանը մոտ: Ի վերջո՝ ՀԱՊԿ հեղինակություն ասվածն էլ ֆորմալություն է, էլ չասած այն մասին, որ այդ հեղինակության հետ իրականում խաղացել են նույն Ղազախստանը, Բելառուսն ու Ռուսաստանը՝ Ադրբեջանի հետ իրենց սերտ գործակցությամբ, այդ թվում՝ ռազմա-տեխնիկական ոլորտում եւ այն քաղաքական հարցերում, որոնք ակնհայտորեն ոտնահարել են Հայաստանի՝ դաշնակից անդամի շահը: Դրանից հետո ՀԱՊԿ հեղինակություն ասվածը պարզապես երեւակայություն է, եւ Հայաստանը եթե վնասել է, ապա երեւակայական ինչ-որ բան:

Այստեղ պարզապես Բելառուսն ու Ղազախստանը օգտագործում են առիթը, քանի որ ՀԱՊԿ-ը նրանց համար ունի բոլորովին այլ նշանակություն եւ իմաստ՝ այն Ռուսաստանին, այսպես ասած, պահանջներ ներկայացնելու մի հարթակ է, իսկ այս դեպքում նրանք փորձում են օգտագործել հերթական առիթը: Այս իմաստով ստացվում է, որ Հայաստանի նոր իշխանությունը Խաչատուրովի դեմ քայլով նրանց տվել է այդ առիթը: Մյուս կողմից, սակայն, Ռուսաստանն էլ իր հերթին է Բելառուսին ու Ղազախստանին առիթավորել Հայաստանի հանդեպ հարցերում՝ Ադրբեջանի հետ իր հայտնի քաղաքականությամբ, որ ինտենսիվ կերպով վարում էր ապրիլյան քառօրյայից առաջ, եւ որի ծուղակում, ի դեպ, հենց ինքն էլ հայտնվելու էր այդ քառօրյայի հետեւանքով:

Այդ իմաստով, Հայաստանն ամենեւին պարտք չէ Ռուսաստանին, այլ կա նույնիսկ Հայաստանին Ռուսաստանի պարտքը վերադարձնելու հարց: Տվյալ դեպքում պարզապես խնդիրն այն է, թե Երեւանը ինչպես է դնելու այդ հարցը՝ վերադարձնել Հայաստանի քվոտան պահելո՞ւ, պաշտպանելո՞ւ տեսքով, թե՞ Հայաստանը կդնի ՌԴ առաջ առավել երկարաժամկետ ու խորքային հարցեր, որովհետեւ, ի վերջո, չարժե, այսպես ասած, վատնել էներգիա ու ռեսուրս մեկ տարվա համար՝ միայն այն պատճառով, որ Վիգեն Սարգսյանը Հայաստանում չգրի «տարիներով կառուցածը փլուզելու» մասին հերթական «կսկծագիրը»:

Ի վերջո, ի տարբերություն նրա՝ Հայաստանի իշխանությունը զբաղված է եւ պետք է կենտրոնանա լուրջ ու երկարաժամկետ պետական խնդիրների վրա, ըստ այդմ՝ գլխավոր քարտուղարի հարցը պետք է դիտարկվի այդ համատեքստում: Առավել եւս, որ Ղազախստանն ու Բելառուսը, կարծես թե, զուգահեռ մեկ այլ խաղ են սկսել ՀԱՊԿ-ում՝ Ադրբեջանը դիտորդության ներգրավելու խաղ, որի մասին ակնարկ Նազարբաեւը արել է նախօրեին՝ կոչ անելով հետաքրքրվածներին ներկայացնել դիտորդական հայտեր:

Այդ հայտարարությունը հատկապես հետաքրքրական է ռուսական «Կոմերսանտի» հրապարակած այն տեղեկության ֆոնին, թե Աստանայի Վեհաժողովին կարող էր մասնակցել նաեւ Ալիեւը՝ Նազարբաեւի հրավերով, եւ նա պատրաստ է եղել, սակայն դեմ է արտահայտվել Հայաստանը՝ հասկանալի պատճառներով: Ի դեպ, այդ իմաստով էլ Ռուսաստանը թերեւս պարտք է Հայաստանին, որովհետեւ Ալիեւի ներկայությունը ՀԱՊԿ-ում ծանրացնելու է Նազարբաեւի եւ Լուկաշենկոյի նժարները, ոչ թե Պուտինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հայ թեկնածուի նշանակումը քիչ հավանական է. Իսկանդարյան
Երրորդ սցենարի համաձայն, ոչ ոք չի նշանակվի, եւ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը կշարունակի իր աշխատանքը...
Հայաստանը պետք է հնարավորություն ունենա մինչեւ ժամկետի ավարտը մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում. Զաքարյան
Մինսկի հայտարարությունները նա անթույլատրելի անվանեց եւ հավելեց, որ Հայաստանը պետք է այնպես անի, որ ներողություն խնդրեն կամ վերանայեն մոտեցումները...
Այդպիսի հարաբերություններ Հայաստանի հետ այլեւս չեն լինելու. Փաշինյանը՝ Բելառուսի հետ հարաբերությունների մասին
Մարշալ Բաղրամյանը Բելառուսի ազատագրման գործում շատ մեծ դերակատարություն է ունեցել...
Չարժի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ բանավեճը տեղափոխել անձնական բնութագրումների հարթություն. Ռուստամյան
Արտաքին քաղաքականությունը նուրբ արվեստ է՝ յուրաքանչյուր բառը պետք է կշռադատված լինի…
Վահրամ Բաղդասարյան. Ադրբեջանը ՀԱՊԿ-ի հետ կապ չունի
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բացասաբար արձագանքեց Մինսկի հայտարարություններին...
Էնֆիաջյանը անտեղի է համարում Գագիկ Ծառուկյանի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի ջերմ հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ կապելը
Նոյեմբերի 19-ի ճեպազրույցում Վահե Էնֆիաջյանը նշեց, որ անհրաժեշտ է օգտագործել միջազգային հարթակներում բոլոր հնարավորությունները՝ ի շահ...
Partner news