News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի գործող ընտրական համակարգը հոյակապ ցուցադրում է, որ գոյություն ունեցող քաղաքական ուժերն անհամարժեք են արձագաքում երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին: Այս մասին նոյեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» հետո բնակչության շրջանում գիտակցության, արժեքների եւ ընկալման փոփոխություն է տեղի ունեցել, իսկ քաղաքական ուժերը, ամենայն հավանականությամբ, սա այդպես էլ չեն գիտակցել:

«Մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնից Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո քաղաքական ուժերն անմիջապես պետք է սկսեին ընտրարշավը եւ քաղաքական պայքարի մեջ մտնեին: Սակայն նրանք, չգիտես ինչու, որոշեցին 12 օր սպասել»,- պարզաբանեց քաղտեխնոլոգը՝ նշելով, որ դա սխալ որոշում էր, եւ որ քաղաքական կուսակցությունները պետք է ընտրություններին եւ քաղաքական պայքարին գաղափարապես մշտապես պատրաստ լինեն:

Բադալյանի խոսքով՝ ընտրությունների եւ հատկապես արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար 12 օրն անբավարար է նաեւ այս պատճառով՝ քաղաքական ուժերը վաղուց արդեն պետք է սկսեին ոչ պաշտոնական ընտրարշավը, հատկապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ ընտրությունների անցկացման օրը:

Քաղտեխնոլոգը նշեց, որ ոչ մի քննարկում չի անցկացվում որեւէ ցավոտ եւ հանրությանը հետաքրքրող հարցերով, քանի որ կուսակցությունները որոշել են սպասողական դիրքորոշում որդեգրել եւ սպասում են նախընտրական արշավի պաշտոնական մեկնարկին, ինչը նույնպես վկայում է նրանց կողմից գոյություն ունեցող քաղաքական իրողության ոչ համարժեք ընկալման մասին:

Ընդ որում՝ փորձագետի կարծիքով, ընտրվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ոչ ամենահաջող ժամանակը, չնայած քաղաքական տեսակետից այս որոշումը ճիշտ էր:

«Քաղաքական ուժերը կարող էին ընտրություններին նախապատրաստվել: Նրանք դրա համար 4 ամիս եւ անգամ ավելին ունեին: Դա, իհարկե, բավական չէ, քանի որ իրականում ընտրությունների համար անհրաժեշտ է նվազագույնը 6-9 ամիս: Սակայն այս 4 ամսում էլ, փաստորեն, ոչինչ չեն արել: Նրանք պարզապես սպասում էին, քանի որ վարժվել են այսպես աշխատելուն: Քաղաքական ուժերի ղեկավարներին հրավիրում էին մամուլի տարբեր ակումբներ, եւ նրանք, ինչպես միշտ, սկսում էին մեծ-մեծ խոսել: Բայց ինչպես արդեն ասացի, իրավիճակը եւ քաղաքական իրողությունները փոխվել են»,- ասաց Բադալյանը:

Նա նաեւ նշեց, որ ընտրությունների անցկացման լավագույն ժամանակը գարունն է, քանի որ տարվա այս եղանակին մարդիկ ավելի ակտիվ են: Իսկ ձմռանը կարող են առաջանալ տարբեր կարգի բարդություններ, այդ թվում՝ նաեւ կազմակերպական բնույթի:

«12 օրում պետք է այցելեն 11 մարզեր: Սա գործնականում անհնար է, առավել եւս՝ ձմռանը: Պատկերացրեք, որ ինչ-որ տեղ ձյուն է տեղում, եւ ճանապարհը ինչ-որ ժամանակով փակում են: Այդ դեպքում նրանք ինչպե՞ս են անցկացնելու նախընտրական արշավը: Չէ՞ որ մեր երկրում ընտրողները միայն Երեւանում չեն ապրում: Մյուսների մասին եւս պետք է մտածել»,- շեշտեց քաղտեխնոլոգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news