News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գիտության ոլորտում բոլոր քայլերը պետք է անել շատ նուրբ եւ հաշվարկված, կողմնակից չեմ այս ոլորտում հեղափոխական քայլեր անելուն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը» թեմայով քննարկմանը հայտարարեց ՀՀ Կրթության եւ գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը։

«Բայց որ փոփոխություններ պետք է տեղի ունեն, դա բոլորն են հասկանում։ Ճիշտ է աշխատավարձերը բավականին ցածր են, բայց պետք է նախ հասկանալ էֆեկտիվության մակարդակը, որովհետեւ կան հաստատություններ, որտեղ մարդիկ շատ քիչ են նվիրվում աշխատանքին՝ մի քանի ժամ են գալիս կամ գալիս են սուրճ խմելու համար, հետո էլ բողոքում են ցածր աշխատավարձից։ Ուստի էֆեկտիվության ցուցիչները պետք է դրվեն աշխատավարձերի հիմքում»,-նշեց նա։

Փոխնախարարը հայտնեց՝ հիմա քննարկումներ են անցկացնում, որ տարբերակումները հստակ լինեն․ «Երբ մի գիտաշխատող տալիս է պրոդուկտ, մյուսը ոչինչ չի անում, նույն աշխատավարձն են ստանում, այստեղ կլինեն հակասություններ, պետք է փորձել խրախուսել նրանց, ովքեր ավելի շատ արդյունք են տալիս»։

Հովհաննիսյանը, սակայն, վստահեցնում է՝ միանձնյա որոշումներ չեն լինելու․ «Մեզ անհրաժեշտ է խորքային հետազոտություն անցկացնել, որպեսզի հասկանանք, թե ուր ենք գնում, միանձնյա որոշում չի կարող լինել։ Պետք է պատրաստ լինել ցավոտ լուծումների, որովհետեւ բարեփոխումները ցավոտ է լինելու որոշակի խմբի համար»։

ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գեւորգյանը դժգոհում է՝ գիտական ինստիտուտները վերածվել են սոցիալական ինստիտուտների․ «Մարդկանց մեծ մասը գալիս է ուղղակի «թոշակի» նման ստանում է այդ գումարը ու ոչ մի ստիմուլ չունի աշխատելու։ Իմ գնահատականով տարվա կտրվածքով գիտնականների միայն 10 տոկոսն է պրոդուկտ տալիս»։

Նա շեշտում է՝ Հայաստանը հետխորհրդային եւ արեւելյան գործընկերության երկրների շարքում ամենաքիչ ֆինանսավորումն է տրամադրում գիտությանը․ «Այսինքն՝ մեր պետությունը չի հասկացել, որ գիտությունը կարեւոր ուժ է, որի շնորհիվ կարող է զարգանալ տնտեսությունն էլ, հասարակությունն էլ»։

Գիտնականը բողոքեց նաեւ Գիտության պետական կոմիտեից՝ շեշտելով, որ այն ամենակոռումպացված կառույցներից է։

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, սակայն, համաձայն չէ, որ գիտաշխատողների մի մասը գալիս են թոշակ ստանալու․ «Ոչինչ չանող մարդուն թոշակ չեմ տա։ Ամեն բնագավառում էլ լինում են շատ ակտիվ, պակաս ակտիվ աշխատողներ եւ գլուխ պահողներ, սակայն դրանք մասսայական բնույթ չեն կրում։ Օրինակ՝ անցյալ տարի կատարվել է 82 միջազգային ծրագրերով աշխատանքներ, եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաշխմամբէ Հայաստանը տարածաշրջանի 10 երկրների շարքում 3-րդն է։ Խնդիրն այն է, որ պետությունը չի կարողանում այն չափով գիտությունը ֆինանսավորել, որ մենք կարողանանք արձանագրել այլ որակի կիրառական արդյունքներ»,-նշեց ԳԱԱ տնօրենը։ Նա, սակայն համաձայնեց, որ էֆեկտիվությունը պետք է դրվի գիտական աշխատանքի հիմքում։

ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող,պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանը նկատում է՝ կարծես կրթությունն ու գիտությունը դուրս են գալիս քաղաքական անմիջական ճնշումից։ «Այդ բոլոր հոգաբարձուների խորհուրդներ, գիտական խորհուրդների նախագահներ, քաղաքական թելադրանքներ, կուսակցական կրծքանշաններ՝ եթե չլինեն, մի քիչ կշնչի գիտությունը եւ այս ազատությունը կավելանա։ Պետք է վերացվի նաեւ այն արատավոր շարքը՝ պատվերով, վճարով, հեղինակությամբ դիսերտացիաներ թխելն, դրանցով խորհւորդներ լցնելը, որոնք տեղյակ էլ չեն դիսերտացիաներից։ Նրանք քվեարկությամբ եղանակ են ստեղծում, նրանք մեր «կոճակ սեղմողներն» են ինչպես ԱԺ-ում։ Հիմա այդ նույն մեր «կոճակ սեղմողները» գիտական խորհրդի անդամներ են եւ ազդում են որոշումների վրա»,-նշեց նա՝ շեշտելով այդ հարցում հավասարակշռություն մտնցնելու անհրաժեշտությունը։

Խառատյանը, սակայն, այնքան էլ լավատես չէ գիտության ֆինանսավորման մասով․ «Ես չեմ կարծում, որ մեր բյուջեն հնարավորություն է տալու կտրուկ փոփոխություն անել գիտության մեջ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ