News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 19
Տեսնել լրահոսը

ԵՊՀ ուսանողական խորհրդն ու «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությունը երեկվանից կոնֆլիկտի մեջ են։ «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությունը երեկ՝ նոյեմբերի 8–ին ԵՊՀ-ում  բողոքի ակցիա էր իրականացնում ընդդեմ ԵՊՀ ուսանողական խորհրդի՝ պահանջելով  ուսխորհրդի լուծարումը։  Այսօր էլ մի խումբ ուսանողներ մայր բուհում բողոքի ակցիա էին իրականացնում՝   ի պաշտպանություն ուսխորհրդի։

NEWS.am–ի հետ զրույցում «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն ասաց, որ ԵՊՀ ուսանողական խորհուրդը պետք է լուծարվի եւ ձեւավորվի նոր ուսանողական խորհուրդ։

Նրա խոսքով՝  ԵՊՀ  ուսխորհուրդը լեգալ չէ, քանի որ նրա կանոնադրությունը հաստատված չէ, բացի այդ ուսխորհուրդը խախտել է կանոնադրության կետերը՝ երեք տարի շարունակ համագումար չգումարելով։

«Ուսանողական խորհրդի համագումար տեղի է ունեցել 2014-ի դեկտեմբերին, իսկ կանոնադրությամբ  նշված է, որ առնվազն երեք տարին մեկ անգամ պետք է համագումար անցկացվի, որը  չի եղել, չեն հաստատվել ֆինանսական հաշվետվությունները»,–ասաց նա՝ նշելով, որ համագումարի նախագահության կազմը նույնպես հաստատված չի եղել։

Ըստ նրա՝ ԵՊՀ–ի հոգաբարձուների խորհուրդը պետք է հիմնավորի, թե ինչպե՞ս է 2014թ. մինչեւ հիմա մոտ 25 մլն դրամ ֆինանսավորել մի կառույցի, որն իրավապես գոյություն չունի։

«Կարծում ենք, որ Երեւանի պետական համալսարանը պետք է բուհի ուսանողական ինքնակառավարումը կազմակերպելու նոր պրոցես սկսի»,–ասաց նա։

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի խոսքով, սակայն  ուսխորհուրդը լուծարելու որեւէ հիմք չկա։

«Ուսխորհրդի ներկայիս կազմը լեգիտիմ է, եւ ուսխորհուրդը։ Մենք ընդունում ենք, որ կանոնադրության հետ կապված որոշ անհամապատասխանություններ կան եւ պատրաստակամ ենք լուծելու բոլոր խնդիրները»,–ԵՊՀ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Ափոյանը։

Նրա կարծիքով՝ ԿԳՆ–ն կամ պետական այլ մարմիններ չեն կարող լուծարել ինքնաստեղծ մարմինը։

ԵՊՀ ուսխորհրդի ղեկավար կազմի եւ բուհում բողոքի ակցիա անող ուսանողների հետ կարճատեւ հանդիպմանը Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ամեն ինչ արվելու է օրենքի եւ օրինականության սահմաններում։

«Կարծում եմ՝ քննարկումների միջոցով հարցը կլուծվի։ Խնդիրը ուսխորհրդի ձեւավորման ընթացակարգերի հետ է կապված եւ ինչպես բոլոր համակարգերում, որտեղ տեղի են ունենում բարեփոխումներ, փոփոխություններ եւ ռեստարտներ, կարծում եմ, որ ուսխորհուրդներն էլ պետք է այդ փուլն անցնեն, եւ եթե ուսխորհուրդները վայելում են ուսանողների մեծամասնության համակրանքը, ապա նրանց համար որեւէ խնդիր չպետք է լինի»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news