News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 19
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհուրդը «որոշել է» ամեն գնով հասնել նրան, որ ապօրինության առջեւ չնահանջած, իր իրավունքները օրինական բոլոր միջոցներով պաշտպանել փորձող Մարինա Տաշչյանին չառաջարկվի Երեւանի դատարանի դատավորի հաստիքը։ Այս մասին հայտարարություն են տարածել դատավորի թեկնածու Մարինա Տաշչյանի ներկայացուցիչներ, փաստաբաններ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը։

Հայտարարությունում ասվում է.

«Տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում է Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդում տիրող իրավիճակի մասին, որոշումների կայացման ընթացքում առկա կամայականությունների, յուրայինների նկատմամբ բարեհաճ վերաբերմունքի, ոչ յուրայինների նկատմամբ ստեղծվող խնդիրների մասին։

Բանը հասավ անգամ դատավորների կողմից ԲԴԽ դեմ հայցեր ներկայացնելուն, ԲԴԽ կողմից դատավորի թեկնածություն ՀՀ նախագահին առաջարկելուն, ապա իր իսկ որոշումը չեղարկելուն։ Խիստ անհասկանալի պատճառներով Հայաստանի իրավական հանրությանը հայտնի փայլուն իրավաբան-գիտնականը չկարողացավ հաղթահարել ԲԴԽ պատնեշն ու դառնալ դատավոր։

Մեզ համար Բարձրագույն դատական խորհրդում տիրող անառողջ մթնոլորտի հետ առերեսվելու, դրա հետեւանքով խորը հիասթափություն ապրելու առիթ դարձավ այդ մարմնի հետ հարաբերություններում դատավորի թեկնածու Մարինա Տաշչյանի շահերը ներկայացնելը։ Պարզ դարձավ, որ անկախ օրենքով նախատեսված կարգավորումներից, եթե դու չես հանդիսանում յուրային, ապա կարող ես ակնկալել դատավորի պաշտոնում նշանակում հեռավոր որեւէ մարզում, քանի որ Երեւանում նշանակվելու համար օրենքի պահանջն ակնհայտորեն «անբավարար» է։

Ստորեւ ներկայացվողը գուցե առաջին հայցքից թվա մեկ մասնավոր դեպք, դատավորի երեք ազատ տեղի համար երեք թեկնածուների ընտրության պատմություն, բայց այն առավել քան որեւէ ընդհանրական դատողություն ներկայացնում է, թե ինչ է տիրում դատական համակարգում, ի ցույց է դնում դատավոր դառնալու մի ճանապարհ, որը անցնելով արդեն շատ քիչ իրավաբաններ կարող են լինել իրական դատավոր ու իրականացնել արդարադատություն։

Եվ այսպես 09.01.2017թ. Մարինա Տաշչյանն ընդգրկվել է դատավորների թեկնածությունների ցուցակում: Դատավորների թեկնածուների համապատասխան ցուցակներում ներկայումս առկա են քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորների 3 թեկնածուներ՝ Ռուբինա Աթոյանը, Աշխեն Ղարսլյանը եւ Մարինա Տաշչյանը: Ի տարբերություն մյուս 2 թեկնածուների, Մարինա Տաշչյանը մինչեւ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելը երբեւէ չի աշխատել դատական համակարգում։ Մինչդեռ մյուս թեկնածուները ՀՀ վճռաբեկ դատարանի նորանշանակ նախագահ Երվանդ Խունդկարյանի աշխատակազմից են. օգնական Ռուբինա Աթոյանը եւ խորհրադական Աշխեն Ղարսլյանը:

ՀՀ Դատական օրենսգրքով սահմանված է, որ առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում ԲԴԽ-ն դատավորի համապատասխան թեկնածուին գրավոր առաջարկություն է ներկայացնում այդ հիմքն առաջանալու օրվանից եռօրյա ժամկետում: 10.08.2018թ. Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում դատավորի թափուր հաստիք է առաջացել: Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում դատավորի թափուր հաստիքն առաջացել է 06.09.2018թ.: Իսկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավորի թափուր հաստիքն առաջացել է 15.09.2018թ.:

Սակայն, Սյունիքի մարզի դատարանի դատավորի հաստիքը զբաղեցնելու առաջարկ, օրենքի պահանջին հակառակ, որեւէ թեկնածու չի ստացել մինչեւ 31.10.2018թ.:

Օրենքի պահանջը չկատարելով ԲԴԽ-ն նպատակ ուներ Սյունիքի մարզ նշանակվելուց կամ թեկնածուների ցուցակից դուրս մնալուց «փրկել» Ռուբինա Աթոյանին եւ Աշխեն Ղարսլյանին։ Քանի որ նույն օրենսգրքի համաձայն առաջարկվող հաստիքի առաջարկից երկու անգամ հրաժարվող թեկնածուն դուրս է մնում ցուցակից։ Ցուցակում ներկայացված 3 թեկնածուներից միայն Մարինա Տաշչյանը կարող էր հրաժարվել առաջարկից ու շարունակել մնալ թեկնածուների ցուցակում, քանի որ գտնվում է մայրության արձակուրդում։

Եթե ԲԴԽ գործեր օրենքի պահանջներին համապատասխան, ապա Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր հաստիքը համալրելու առաջարկ պետք է ներկայացներ նախ Ռուբինա Աթոյանին դեռեւս մինչեւ 13.08.2018թ., իսկ վերջինիս հրաժարվելու դեպքում՝ Աշխեն Ղարսլյանին, ինչը, սակայն, չի արել, քանի որ այդ դեպքում նշված թեկնածուներից մեկը կամ երկուսն էլ միասին դուրս կմնային դատավորների թեկնածությունների ցուցակից:

Այնուհետեւ, երբ 06.09.2018թ. դատավորի թափուր հաստիք է առաջացել Գեղարքունիքի մարզի դատարանում, այն զբաղեցնելու առաջարկությունը Մ.Տաշչյանը ստացել է 25.09.2018թ. այն բանից հետո, երբ այն համալրելու առաջարկից հրաժարվել են Ռուբինա Աթոյանը եւ Աշխեն Ղարսլյանը: Նույն օրը, հաշվի առնելով մայրության արձակուրդում գտնվելու հանգամանքը, Մ.Տաշչյանը հրաժարվել է առաջարկից։

Դատական օրենսգրքի 116-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների պահպանմամբ առաջարկությունը պետք է կրկնվեր հետադարձ կարգով նախ Աշխեն Ղարսլյանին, ապա Ռուբինա Աթոյանին:  Ինչն իրականացվել է, եւ առաջարկ է ներկայացվել Աշխեն Ղարսլյանին, ով հայտնել է իր անհամաձայնությունը, ինչի պարագայում օրենքի ուժով պետքէ դուրս մնար ցուցակից։ Սակայն, 08.10.2018թ. ԲԴԽ-ն Աշխեն Ղարսլյանի դիմումի հիման վրա գումարել էր նիստ, որի ընթացքում, ամենայն լրջությամբ քննարկվում էր հարց, թե արդյոք մայրության արձակուրդը տեւում է 3 տարի, ինչպես սահմանված է ՀՀ օրենսդրությամբ, թե 1 տարի (հետագայում կայացվեց «որոշում» այն մասին, որ 3 տարին հանդիսանում է 3 տարի): Տեղի ունեցած նիստից հետո, սակայն, Դատական դեպարտամենտի ղեկավարը հեռախոսազրույցի միջոցով Մարինա Տաշչյանին տեղեկացրել է, որ նույն օրը` 08.10.2018թ. ԲԴԽ նիստում որոշում է կայացվել ՀՀ նախագահին առաջարկել Ռուբինա Աթոյանի թեկնածությունը որպես Երեւան քաղաքի դատարանի դատավոր: Այդ որոշումը ԲԴԽ-ն կայացրել էր ՀՀ Դատական օրենսգրքի պահանջների կոպիտ խախտումներով, նման որոշում ուղակի կայացվել չէր կարող։

Եթե ԲԴԽ գործեր օրենքի շրջանակներում, ապա սկզբում, ըստ առաջացած թափուր հաստիքների ժամանակագրության, պետք է առաջարկվեր Սյունիքի մարզում առկա թափուր հաստիքը: Այդ դեպքում, օրենքի ուժով կստացվեր, որ Աշխեն Ղարսլյանը կամ դուրս կմնար դատավորների թեկնածուների ցուցակից կամ կընդուներ առաջարկը: Դրանից հետո, Գեղարքունիքի մարզում առկա թափուր հաստիքը համալրելու առաջարկ կներկայացվեր Ռուբինա Աթոյանին ամենաուշը 09.09.2018թ., վերջինս էլ կամ դուրս կմնար դատավորների թեկնածուների ցուցակից կամ կընդուներ առաջարկը: Հետեւաբար, կստացվեր, որ ազատ երկու հաստիքները (Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում) կհամալրվեին օրենքի պահանջներին համապատասխան, իսկ Երեւան քաղաքի դատարանի դատավորի թափուր տեղը կառաջարկվեր Մարինա Տաշչյանին: Սակայն ստացվում է, որ ԲԴԽ-ն առաջացած թափուր հաստիքը կարող է «պահել», որեւէ մեկին չառաջարկել այնքան ժամանակ մինչեւ չազատվի «հարմար» հաստիք, այնինչ օրենքում առաջարկ ներկայացնելու համար 3-օրյա ժամկետ նախատեսելը ինքնանպատակ չէ, այն ուղղված է ինչպես դատական համակարգի բնականոն կենսագործունեությունն ապահովելուն, այնպես էլ որեւէ տեսակի կոռուպցիոն դրսեւորման բացառմանը, այդ կարգավորումը նաեւ իրավական որոշակիություն ու կանխատեսելիություն է ապահովում ապագա դատավորի համար: Հետաքրքիր է նաեւ, որ Ռուբինա Աթոյանին Երեւան քաղաքի դատարանի դատավոր նշանակելու համար թեկնածությունը ՀՀ նախագահին առաջարկելու վերաբերալ որոշումը, անհասկանալի պատճառներով, մինչեւ 29.10.2018թ. չի հրապարակվել դատական իշխանության պաշտոնական կայքում, այն հրապարակվել է միայն 29.10.2018թ. եւ միաժամանակ, դրան զուգահեռ, հրապարակվել է նաեւ 25.10.2018թ. ԲԴԽ որոշումը, որով ուժը կորցրած է ճանաչվել 08.10.2018թ. ԲԴԽ որոշումը Ռուբինա Աթոյանի թեկնածությունն առաջարկելու վերաբերյալ:

Թվում էր, թե ԲԴԽ-ն վերջապես հասկացել է, որ պետք է գործել բացառապես օրենքի շրջանակներում ու վերադառնալ օրինականության դաշտ։ Սակայն այդ հույսերն ի դերեւ ելան, երբ նույն օրը՝ 29.10.2018թ. դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվեց 27.10.2018թ. ԲԴԽ-43-Ո-122 որոշումը, որով խորհուրդը, մի կողմ դնելով Դատական օրենսգրքի կարգավորումները դատավորի թեկնածուներին առաջարկներ ներկայացնելու, ապա նրանց թեկնածությունները ՀՀ նախագահին առաջարկելու մասին, որոշել է սահմանել ինչ-որ կարգ, համաձայն որի թեկնածուները պետք է հավաքվեն ԲԴԽ նիստում, նրանց պետք է առաջարկվի կամավոր հիմունքներով զբաղեցնել այս կան այն դատարանում առաջացած հաստիքը, իսկ մեկ հաստիքի վրա մի քանի թեկնածու առաջանալու պարագայում, սահմանվում են ինչ-որ չափանիշներ, թե ով ունի առավելություն։ Ինչեւէ, այս կարգի մասին քննարկումներն առավել քան անիմաստ են, քանի որ նման կարգ ուղղակի գոյություն ունենալ չի կարող, քանի որ այդ գործընթացն ամբողջությամբ կարգավորված է օրենքով։

Այսքանով, սակայն, զավեշտալի երեւույթները չեն ավարտվել։ Հավանաբար գիտակցելով, որ սահմանված <<կարգի>> գործածմամբ ցանկացած թեկնածուի ընտրություն չի կարող ապագա ունենալ, 31.10.2018թ. ԲԴԽ-45-Ո-130 որոշմամբ Ռուբինա Աթոյանին այնուամենայնիվ առաջարկվել է Սյունիքի մարզի դատավորի պաշտոնի թափուր տեղը, որի հետագա ընթացքի, թեկնածուի համաձայնության կամ անհամաձայնության վերաբերյալ որեւէ տեղեկություն չկա: Դեռ պարզ չէ, թե ինչպես է ԲԴԽ-ն վարվել Գեղարքունիքի մարզի առաջարկի մասով. կարո՞ղ է «պատահաբար» պարզվել, որ 08.10.2018թ. ԲԴԽ-ն, խախտելով օրենքը, ցուցակից դուրս մնացած Աշխեն Ղարսլյանին առաջարկել է զբաղեցնել Գեղարքունիքի մարզի դատարանի դատավորի թափուր տեղը: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ մենք անհրաժեշտության դեպքում կարող ենք ներկայացնել 08.10.2018թ. ԲԴԽ նիստի ձայնագրությունը:

Ինչեւէ, ցանկացած զարգացման պարագայում, սակայն, ԲԴԽ-ն <<որոշել է>> ամեն գնով հասնել նրան, որ ապօրինության առջեւ չնահանջած, իր իրավունքները օրինական բոլոր միջոցներով պաշտպանել փորձող Մարինա Տաշչյանին չառաջարկվի Երեւանի դատարանի դատավորի հաստիքը։ Սա կարող է հանգեցնել օրենքով սահմանված կարգով, այլ ոչ թե որեւէ չինովնիկի կամքով դատավորի թեկնածույի դատավոր նշանակմանը, ինչը հավանաբար այդ չինովնիկներին բացարձակ հարկավոր չէ։ Հասկանալով, որ ստեղծված իրավիճակում, առաջարկությունները օրենքով սահմանված կարգով կատարելու պարագայում, այլ տարբերակ չի մնում, քան Երեւան քաղաքի դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը Մարինա Տաշչյանին առաջարկելը, 05.11.2018թ. ԲԴԽ-ն որոշել է ՀՀ նախագահին է առաջարկել Գեղարքունիքի մարզի դատարանի դատավոր Ավագ Արտուշի Գաբրիելյանի թեկնածությունը Երեւան քաղաքի դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար: Այս քայլին էլ ԲԴԽ-ն կարող էր գնալ միայն այն դեպքում, երբ օրենքով սահմանված հստակ  ժամկետում քննարկեր դատավոր Ավագ Գաբրիելյանի դիմումն ու գտներ, որ այդ դատավորի պարագայում առկա են բացառիկ հանգամանքներ նրան Երեւան տեղափոխելու համար։ Դեռ պարզ չէ, թե Գեղարքունիքի մարզում 2009 թվականից աշխատող դատավորի մոտ ինչ բացառիկ հիմքերն առաջացան հենց այն ժամանակ, երբ Երեւանում առկա թափուր տեղը պետք է առաջարկվեր Մարինա Տաշչյանին: 

Այս պահին Բարձրագույն դատական խորհրդին իրավական դաշտ կարող է վերադարձնել Հանրապետության նախագահը, ով գտնելով, որ խորհրդի ներկայացրած առաջարկը, կամ դրա համար հիմք հանդիսացած դիմումը հիմնավորված ու պատճառաբանված չեն եւ առկա չեն դատավորի տեղափոխման համար անհրաժեշտ բացառիկ հիմքերը, կարող է չստորագրել դատավորի տեղափոխման հրամանագիրը:

Տպել
Ամենաշատ
Partner news