News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 9-ին, Երեւանի պետական համալսարանում մասնակցել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Նախագահը հանդես է եկել ելույթով՝ նշելով, որ ցանկանում է խոսել ոչ միայն որպես Հանրապետության նախագահ, այլեւ պարզ զրույց ունենալ որպես համալսարանականներից մեկը:

«Ձեզ հետ կուզեի խոսել ապագայի մասին: Բայց, իհարկե, ապագայի մասին չես կարող խոսել, եթե չխոսես անցյալի եւ ներկայի մասին: Մեր արեւելագիտության անցյալը շատ փառահեղ է. մեր արեւելագիտությունը չի ստեղծվել այսօր, երեկ: Չմոռանանք, որ Հայաստանի գիտությունների ակադեմիան 75 տարի առաջ ստեղծվել ու հիմնադրվել է հենց արեւելագետի՝ ակադեմիկոս Հովսեփ Օրբելու կողմից: Եվ սա վկայում է, թե որտեղից են գալիս մեր արեւելագիտության ակունքները. դրանք գալիս են միջազգային, ռուսական արեւելագիտության աղբյուրներից, եւ դրա վառ օրինակն ակադեմիկոս Հովսեփ Օբերլին է:

Արեւելագիտությունը, պատմագիտությունը, հնագիտությունը շատ ավելի խորն են եղել, եւ իզուր չէ, որ ակադեմիկոս Օրբելին եղել է նաեւ Էրմիտաժի տնօրենը՝ իր օրինակով ցույց տալով մշակույթի, գիտության, պատմության եւ լայն գիտական գործունեության նշանակությունը»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ նշելով, որ 50-ամյա ֆակուլտետի հետ շատ հանճարեղ գիտնականների անուններ են կապված՝ Հրաչյա Աճառյան, Գրիգոր Ղափանցյան, Նիկոլայ Հովհաննիսյան, Հակոբ Փափազյան:

«Ինքս ուսանողական տարիներին այս ֆակուլտետում բախտ եմ ունեցել լսել Ջոն Կիրակոսյանին, ով լինելով կուսակցական ղեկավար, իր մեջ միաժամանակ հայկականության, ազգասիրության, հայրենասիրության առանցքն էր կրում, ու սա շատ հաճախ զգացվում էր նրա ելույթներում: Իմ ուսանողական տարիներին Արեւելագիտության ֆակուլտետը դիտվում էր որպես կենդանի գիտական կենտրոն, ուսանողներն ու դասախոսները կապեր ունեին Խորհրդային Միության շատ կենտրոնների հետ: Ֆակուլտետի եւ՛ դասախոսները, եւ՛ ուսանողները, ովքեր իրենց ծագումով կամ պարսկահայ էին, կամ սիրիահայ, կամ արաբական այլ երկրներից էին, կրում էին նաեւ այդ երկրների մշակույթը: Ֆակուլտետը ոչ միայն ակադեմիական բարձր որակ, այլեւ ոգի ուներ: Ու ուսանողներն այդտեղից դուրս էին գալիս որպես հայրենասեր եւ լավ քաղաքացիներ»,- հիշել է նախագահը:

Նա մեջբերել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Հայաստան» ցուցահանդեսի համակարգողի խոսքերն այն մասին, որ միջին դարերում Մետաքսի ճանապարհի կառավարիչները, վարպետները հայերն էին: «Սա կիրառական արեւելագիտության օրինակ է ու վկայում է այն մասին, որ միջին դարերում մենք՝ հայերս, արեւելագետ ենք եղել, որովհետեւ արեւելագիտությունն իմ պատկերացման մեջ միայն ակադեմիական գիտությունը չէ, այն շատ ավելի լայն է»,-ընդգծել է նախագահը:

Խոսելով ֆակուլտետի ապագայի մասին՝ նախագահը նշել է, որ այսօրվա անկախ Հայաստանի պայմաններում, երբ մեր երկիրը բնականորեն ունի առաջ գնալու մեկ ճանապարհ, որն է՝ աշխարհի հետ շփվելու բաց համակարգը, արեւելագիտությունը շատ ավելի խորը հասկացություն է դառնում: «Կարծում եմ, որ այն ավանդական ուղղությունները, որ մենք ունենք՝ արաբագիտության, թուրքագիտության, իրանագիտության, պետք է ընդլայնել. հնդկագիտությունը կամ չինագիտությունը եւ, իհարկե, Կենտրոնական Ասիայի, եվրասիական տարածքի վերաբերյալ ավելի խորացված հետազոտություններն անհրաժեշտություն են դառնում: Դրանք կարեւոր են Հայաստանի Հանրապետության, գիտության համար, դրանք բնական կապեր են, եւ եթե հետ գնանք Մետաքսի ճանապարհի գաղափարին, այս բոլորն իրականում արեւելագիտություն է: Եվ այն կենտրոնները, որոնք կարող են այս ամենով զբաղվել, իհարկե, արեւելագիտության ֆակուլտետն է եւ ինստիտուտը:

Հետեւաբար՝ ինձ համար արեւելագիտությունն ինքնին նաեւ խաչմերուկ է: Այսօրվա արեւելագիտությունը չի սահմանափակվում միայն գիտական, ակադեմիական հետազոտություններով: Իր տեսակի մեջ արեւելագիտությունը շատ ավելի խորն է, այն նաեւ հայագիտություն է: Եթե մենք այսօր ուզում ենք ուսումնասիրել մեր պատմական ինքնությունը, ապա ուսումնասիրության ամբողջ շրջանակը շատ լայն է: Ժամանակն է, որ մենք ունենանք մեր ազգի գենետիկ քարտեզը: Եվ քանի որ գենետիկ պատմությունը կապված է նաեւ արեւելքի հետ, ուստի անելիք ունի նաեւ արեւելագիտությունը: Հետեւաբար, ուսումնասիրությունների ոլորտը եւ՛ պետք է, կարծում եմ, լայնանա, եւ՛ խորանա»,-ասել է նախագահը:

Նա տեղեկացրել է, որ արտերկիր կատարած այցերի ժամանակ առիթ է ունեցել գիտական-հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների հետ զրուցել, համատեղ ծրագրերի հնարավորություններ քննարկել, քանի որ Հայաստանը տարածաշրջանային գիտահետազոտական կենտրոն դառնալու, իր թինք-թանքերը ստեղծելու մեծ ներուժ ունի: Մասնավորապես՝ Նյու Յորքի Արեւելք-Արեւմուտք ինստիտուտում հանդիպման ժամանակ նրանք ցանկություն են հայտնել, որ հաջորդ մեծ կոնֆերանսն անցկացվի Հայաստանում: «Երեկ ես նամակ ստացա Crans Montana-ից, այստեղ եւս կա նույն հետաքրքրությունը: Խորացնելով մեր հարաբերությունները եւ՛ Կենտրոնական Ասիայի, եւ՛ արաբական, եւ՛ իրանական աշխարհների, եւ՛ Հնդկաստանի ու Չինաստանի հետ, մենք կարող ենք նաեւ մեր գիտական, գիտահետազոտական ներուժը կապել իրականության, իրական քաղաքականության, դիվանագիտության, տնտեսագիտության հետ»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Նա Արեւելագիտության ֆակուլտետի անցած 50 տարիները փայլուն է համարել. «Փայլուն 50 տարիներ, հոյակապ արդյունք եւ կարծում եմ՝ փայլուն ապագա: Հույս ունեմ, որ Արեւելագիտության ֆակուլտետի հիման վրա մի շարք հզոր կառույցներ կստեղծվեն, որոնք կկրեն այն կարեւոր եւ նշանակալից ազգային պահանջը, որը մենք ունենք: Հայաստանը կրկին կենտրոնն է Մետաքսի ճանապարհի, Հայաստանը խաչմերուկն է տարբեր քաղաքակրթությունների, կենտրոնն է քաղաքական հսկայական իրադարձությունների, եւ այդ կենտրոնը լինելով՝ Հայաստանը պետք է ստանձնի իր դերը, որտեղ հսկայական նշանակություն ունի արեւելագիտությունը»,- ասել է նախագահը:

Ելույթի ավարտին նա շնորհավորել է բոլոր արեւելագետներին՝ նշելով որ նրանք մեծ դեր ունեն Հայաստանը կրկին մշակույթների, քաղաքակրթությունների խաչմերուկ, Մետաքսի ճանապարհի, նաեւ՝ մետաքսի վիրտուալ ճանապարհների կենտրոն դարձնելու գործում:

Նախագահ Սարգսյանն այցելել է նաեւ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, որի շրջանավարտն ու նախկին դասախոսն է եղել: Նա ջերմ ու անմիջական մթնոլորտում շփվել է նախկին գործընկերների հետ, զրուցել ընթացիկ գործունեության ու ծրագրերի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ