News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 10–ին, սիրված դերասան եւ ռեժիսոր Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը։

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արմեն Սարգսյանն իր խոսքում ասել է. «Ես մեծ, հաճելի պարտականություն ունեմ, մի բան, որը երեւի թե պետք է անեին ինձնից 30-40 տարի առաջ: Կարծում եմ՝ սա մեր ժողովրդի կողմից Ձեր երկար տարիների աշխատանքի ամենաբարձր գնահատականն է: Այս սերը միշտ է եղել, Դուք միշտ եղել եք ժողովրդական արտիստ: Ժողովրդականը հրամանով չի լինում, լինում է ժողովրդի միջից»։

Շնորհակալություն հայտնելով բարձր կոչման ու պարգեւի համար՝ Երվանդ Մանարյանն ասել է, որ այն իր ողջ անցած կյանքի գնահատականն է:

«Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է»,-արձագանքել է Հանրապետության նախագահը:

Նախագահ Սարգսյանը պարզ ու մտերմիկ զրույց է ունեցել մեծանուն արտիստի հետ, որին հիշում է դեռ իր մանկության տարիներից, իր ծնողների հետ համատեղ ընկերական եւ բարեկամական հավաքներից: Արմեն Սարգսյանն ասել է, որ այդ հեռավոր տարիների մասին պատմող լուսանկարները պահպանվում են իր ընտանեկան ալբոմներում: «Լուսանկարներից բացի մնում են նաեւ հիշողությունները»,- ավելացրել է նախագահ Սարգսյանը եւ հիշել մանուկ հասակում Երվանդ Մանարյանի հետ կապված հետաքրքիր դեպքեր:

Սիրված արտիստն ու նախագահ Սարգսյանը ջերմ եւ անկեղծ մթնոլորտում զրուցել են արվեստի, մշակույթի մասին, կիսվել իրենց տպավորություններով ու հիշողություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ