News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Սեւանի բաժնում 28-ամյա քաղաքացուն ծեծելու համար մեղադրվող ոստիկանանին ազատ են արձակել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բռնության ենթարկված քաղաքացու քույրը՝ Նաիրա Մուրադյանը:

«Կալանավորված ոստիկաններից Սահակի խափանման միջոցը փոխվել է, նրան ազատ են արձակել չհեռանալու մասին ստորագրությամբ: Մենք չգիտենք՝ ինչ հիմքով են նրան ազատ արձակել, մեր կարծիքով՝ դատավորը կաշառք է վերցրել, թե չէ՝ ինչի են երկուսին փակել, միայն իրեն բաց թողել: Մենք պատրաստվում ենք այս կապակցությամբ մամուլի ասուլիս տալ եւ հայտարարություն անել»,- ասաց նա:

Նաիրա Մուրադյանը նշեց, որ իրենք բողոքարկելու են ոստիկանի խափանման միջոցը փոխելու որոշումը Վերաքննիչ դատարանում:

Նրա խոսքով՝ իրենք նաեւ բողոք են ներկայացնելու եղբոր պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու համար:

«Ոստիկանների  հարազատները ասում են՝ իմ եղբայրը հանցագործ է, եսիմ ինչ է, ես իրենցից պատիվ եմ պահանջում, թող ապացուցեն իրենց խոսքերի ճշմարտացիությունը, այլապես իրենք սուտ տեղեկություն տալու համար պատժվելու են»,- ասաց նա:

Նաիրա Մուրադյանն ասաց, որ կալանավորված ոստիկանների ընկերները իր եղբորը խնդրել են բողոքը հետ վերցնել, նույնիսկ դրա դիմաց գումար են առաջարկել, սակայն իրենք չեն համաձայնել եւ մինչեւ վերջ պայքարելու են իրենց իրավունքների համար:

Նշենք, որ NEWS.am ահազանգած Նաիրա Մուադյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 7-ին Սեւանի ոստիկանության բաժնում իր եղբորը՝ 28-ամյա Արա Մուրադյանին դաժան ծեծի են ենթարկել:

Դրանից հետո ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները:

Ոստիկանները կասկածվում են Սևանի բաժնում Արա Մուրադյանին խոշտանգելու համար: Նրանք կալանավորվել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news