News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր՝ նոյեմբերի 10-ին, այցելել է Փարիզի Օրսե թանգարանում բացված «Պիկասո. կապույտ և վարդագույն» խորագիրը կրող ցուցահանդես: Այստեղ էին նաև Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակի արարողությանը մասնակցելու նպատակով Ֆրանսիա ժամանած մյուս պատվիրակությունների ղեկավարները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից։

«Պիկասո. կապույտ և վարդագույն» ցուցահանդեսը բացվել է սեպտեմբերի 18-ին և տևելու է մինչև հունվարի 6-ը: Ցուցահանդեսում ներկայացված է հանրաճանաչ նկարչի վաղ շրջանի ավելի քան 300 ստեղծագործություն՝ տարբեր հավաքածուներից: Ցուցադրված են նաև Պիկասոյի մի շարք հայտնի կտավներ, որոնք Օրսե թանգարան են բերվել աշխարհի տարբեր երկրներից:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը նաև մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի անունից մասնակից պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների պատվին տրված ճաշին:

Վաղը՝ նոյեմբերի 11-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կմասնակցի Առաջին աշխարհամարտում կնքված  զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը և «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին:

Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, փարիզյան այցից հետո, նոյեմբերի 12-ին մեկնելու է Մոսկվա, որտեղ մասնակցելու է ՀՀ դեսպանությունում կազմակերպված մի քանի պաշտոնական հանդիպումների, այդ թվում՝Ռուսաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների տիկնանց, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։

Աննա Հակոբյանի մամուլի խոսնակը նաև տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին Մոսկվայում տեղի կունենա գալա-միջոցառում, որի ողջ հասույթը միջոցառման կազմակերպիչների նախաձեռնությամբ տրամադրվելու է «Իմ քայլը» հիմնադրամին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news