News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը:

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ ժամանել է Ելիսեյան պալատ, որտեղ նրանց դիմավորել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը եւ տիկին Բրիժիտ Մակրոնը: Այնուհետեւ ՀՀ վարչապետի պաշտոնակատարն Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցող պետությունների, կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ միասին ուղեւորվել է Փարիզի Շառլ դը Գոլի հրապարակ, որտեղ եւ տեղի է ունեցել հանդիսավոր արարողությունը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զորահանդեսի ստուգայց է անցկացրել, Ֆրանսիայի համար զոհվածների հիշատակին հարգանքի տուրքից եւ «Լռության րոպեից» հետո հնչել է Ֆրանսիայի օրհներգը, որին հաջորդել է մշակութային ծրագիրը: Ուսանողներն ընթերցել են 1918 թ. նոյեմբերի 1-ին գրված տեքստը` զուգակցված երաժշտական կատարումներով: Ֆրանսիայի նախագահի ելույթից հետո Եվրոպական միության երիտասարդական նվագախմբի կատարմամբ հնչել է ֆրանսիացի կոմպոզիտոր Մորիս Ռավելի «Բոլերո» ստեղծագործությունը: Միջոցառումը եզրափակվել է անմար կրակի մոտ խորհրդանշական արարողությամբ. ուսանողները շրջապատել են Ֆրանսիայի նախագահին եւ, շղթա կազմելով, ձեռքը դրել կողքինի ուսին` որպես հավաքական վերածննդի նշան: 

Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հաջորդիվ նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ