News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դռան սեւ խորշը տանում է նեղ միջանցք: Մեկհարկանի տախտակե կառույց է՝ ժամանակավոր տնակ, որտեղ տեղավորվել են Սպիտակի երկրաշարժը վերապրած գյումրեցիները: Տեղավորվել էին ժամանակավորապես, բայց այնտեղ ապրեցին ամբողջ 30 տարի: Եվ դեռ անհայտ է, թե էլի որքան ստիպված կլինեն ապրել այս պայմաններում:

Ժամանակավոր տնակի այս տեսակը ժողովուրդն անվանում է «մոդուլ»: Ֆաներայից ու տախտակից պատերը բարակ են, տնակում ջերմությունն ընդհանրապես չի պահպանվում: Հենց վառարանը հանգում է, կարող ես համարել, որ այն ընդհանրապես չեն տաքացրել: Զուգարանը դրսում է՝ չտաքացվող բետոնե կառույցում: Լողանակու համար պետք է կամ բաղնիք գնան, կամ ծանոթների մոտ:

NEWS.am-ի թղթակիցների այցելած բնակարանում էին Նինա մայրիկն ու նրա դուստր Մելինեն: Ընտանիքը «մոդուլում» է տեղավորվել երկրաշարժից կարճ ժամանակ անց:  

«1988 թվականին ես դպրոցական էի: Ստորգետնյա ցնցման պահին դպրոցում էի: Այդ օրը մինչեւ կյանքիս վերջը չեմ մոռանա»,- Մելինեի ժպտուն դեմքը մթնեցնում է ծանր հիշողությունների ստվերը:

Մինչեւ երկրաշարժը ընտանիքը բնակվել է «Անտառ» կոչվող թաղամասում: Շենքը չէր փլուզվել, բայց այնպես էր վնասվել, որ ստիպված էին քանդել:

Բարեբախտաբար, ոչ մեկը չի զոհվել: «Ապրում էինք սովորական ընտանիքի պես, եւ մի ակնթարթում ամեն ինչ փոխվեց: Շատ դժվար է, բայց մի կերպ հարմարվել ենք: Ինքներդ եք տեսնում, թե ինչպիսի պայմաններ են»,- ասում է Մելինեն:

30 տարում ընտանիքն աճել է: Ճիշտ է, բնակարան են ստացել, բայց վեց հոգով անհնար է մեկսենյականոցում տեղավորվել: Ընտանիքի մի մասը տեղափոխվել է, մնացյալը ստիպված մոդուլում են մնացել:

Նշենք, որ պետությունը ձեւականորեն իր պարտքը կատարել է բազմաբնակարան շենքերում իրենց բնակարանները կորցրած գյումրեցիների առաջ: Սակայն առանց բնակարանի են մնում մասնավոր հատվածում տները կորցրած ընտանիքները, որոնք ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել բնակարանով ապահովելու ծրագրից, ինչպես նաեւ 30 տարում աճած ընտանիքները, որոնք ուղղակիորեն չեն տեղավորվում մեկսենյականոց բնակարաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ