News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 10-ին, 87 տարեկանում կյանքից հեռացավ հայ լուսանկարչական լրագրության հիմնադիրներից, խորհրդահայ շրջանի ամենագործունյա լուսանկարիչներից մեկը`  Զավեն Հովսեփի Բշտիկյանը:

Զավեն Բշտիկյանը ծնվել էր 1930 թվականին Բեյրութում եւ իր մասնագիտությանը ծանոթացել  հենց այնտեղ` դեռահաս տարիքում: 1946 թվականին Հայաստան ներգաղթելուց անմիջապես հետո աշխատանքի է անցել «Սովետական Հայաստան» օրաթերթում՝ որպես ֆոտոթղթակից: Այստեղ նա հմտացել է լուսանկարիչ Պարգեւ Չոլագյանի ղեկավարության ներքո:

Այդ ժամանակից սկսած Զավեն Բշտիկյանն անշրջանցելի մասնակցություն է ունեցել հայաստանյան ֆոտոլրագրությանն ու իր ծանրակշիռ ավանդն է բերել լուսանկարչական լրագրության հայկական դպրոցի կայացմանը:

Իր ավելի քան կեսդարյա ստեղծագործական գործունեության ընթացքում Բշտիկյանն իր լուսանկարներով հագեցրել է հայկական բացառապես բոլոր թերթերի եւ ամսագրերի էջերը: «Սովետական Հայաստան», «Հայաստանի աշխատավորուհի», «Ավանգարդ», «Հայրենիքի ձայն», «Հայաստան», «Գիտություն եւ տեխնիկա», «Երեկոյան Երեւան»… ահա լրատվամիջոցների այն ոչ ամբողջական ցանկը, որոնց էջերում հայ ընթերցողն ամեն օր հանդիպում էր Զավեն Բշտիկյանի լուսանկարներին: Բշտիկյանը կարողացել էր ստեղծել մի ստվար լուսանկարչական պատկերասրահ, որը եզակի է հայ լուսանկարչության պատմության մեջ թե՛ իր ծավալով, եւ թե՛ իր մշակութաբանական արժեքով: Նրա նատուրալիստական ֆոտոները ներկայացնում էին կյանքի բոլոր բնագավառներում ընդգրկված անհատներին:

Այս ընդարձակ արխիվի մեջ հատուկ տեղ էին զբաղեցնում նորաձեւությունը գովազդող լուսանկարները: Այսօր հայաստանյան դիզայնի այս բնագավառի պատմության մասին կարելի է պատկերացում կազմել միայն իր լուսանկարների միջոցով:

Լրագրողական լուսանկարչությունից բացի, Զավեն Բշտիկյանը նաեւ գեղարվեստական լուսանկարչության ներկայացուցիչ էր: Մասնակցել է բազմաթիվ հանրապետական եւ միութենական մրցույթների: Լենինգրադում կայացած համամիութենական գլխավոր ստուգատեսում արժանացել  է հատուկ մրցանակի եւ արծաթե մեդալի:

Զավեն Բշտիկյանը կյանքի ողջ ընթացքում տարված է եղել նաեւ գեղանկարչությամբ: Նկարչության հանդեպ այդ սերն ակնհայտ է նրա գունավոր լուսանկարներում, որոնք անկասկած նրա առավել կատարելագործված աշխատանքներն են:

Զավեն Բշտիկյանը հիրավի համարվում է լուսանկարչական լրագրության ականավոր ներկայացուցիչներից մեկը, որի նորարարությունները եւ ուրույն մոտեցումներն իսկապես հարստացրել են հայ լուսանկարչական դպրոցի ավանդույթները:

Ծնվել է 1930թ. Բեյրութում, տոհմիկ զեյթունցիների ընտանիքում: Հաճախել է Բեյրութի Մխիթարյան վարժարանը: 1946թ. Ներգաղթել է Հայաստան եւ  անմիջապես աշխատանքի է անցել «Սովետական Հայաստան» օրաթերթում՝ որպես ֆոտոթղթակից: Աշխատանքային կեսդարյա գործունեության ընթացքում թղթակցել է հայաստանյան գրեթե բոլոր թերթերին եւ ամսագրերին: Մասնագիտական գործունեությունն ավարտել է «Սովետական Հայաստան» օրաթերթում՝ որպես դրա ամենաբազմամյա ֆոտոթղթակից: Հայաստանի անկախացումից հետո թղթակցել է «Մունետիկ» շաբաթաթերթին:

Զավեն Բշտիկյանն ամուսնացած էր: Ուներ 2 որդի եւ 6 թոռների երջանիկ պապիկ էր:

Զավեն Բշտիկյանի  հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին, ժամը 18:00-ին Սան Լազար սգո սրահում` Շահումյան գերեզմանոցի հարեւանությամբ, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա ամսի 13-ին ժամը 14:00-ին նույն տեղից:

Տպել
Ամենաշատ