Ազգայնականությունը, կրոնական եւ էթնիկ նախապաշարմունքները, տեղեկատվությամբ մանիպուլյացիան եւ ահաբեկչությունը քայքայում են հասարակությունը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ կոչ անելով չմոռանալ, որ նման երեւույթները 30-ական թվականներին հանգեցրել են ազգայնականության եւ հակասեմիտականության բռնկմանը։
Նա «կրկնակի սպառնալիք» է համարել զիջողականության պատրաստակամության թուլացումը եւ համընդհանուր կանոններն անտեսելը։ Նրա խոսքերով՝ Անվտանգության խորհրդի պառակտումը, հատկապես՝ Սիրիայի հարցում, կրկին բերում է Մերձավոր Արեւելքում դաշինքների ստեղծմանը, ինչի զոհ է դառնում սիրիացի ժողովուրդը։ Եւս մեկ սպառնալիք, ըստ Գուտերիշի, Եվրոպական միության հանդեպ վստահության ճգնաժամն է։ Նա եվրոպացիներին կոչ է արել պահպանել «Եվրոպական նախագծի» վերահսկողությունը։
Բազմակողմանի գործողություններն էական նշանակություն ունեն նաեւ միջուկային զենքը չտարածելու հարցում։ «Իրանի եւ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերի հանդեպ Անվտանգության խորհրդի միասնականության շնորհիվ 2015 եւ 2018 թվականներին բացվեց բանակցությունների ճանապարհը»,- հիշեցրել է ՄԱԿ-ի ղեկավարը։