News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Աշխատանքային խորհրդակցության սկզբում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը  նախ անդրադարձել է այսօր առավոտյան Նոր Նորք վարչական շրջանում իրականացված  հերթական ապօրինի շինարարության քանդման դեպքին՝ մեկ անգամ եւս հիշեցնելով, որ այսուհետ մայրաքաղաքում առանց թույլտվության չի իրականացվելու որեւէ շինարարություն:

«Նոր Նորքում ապօրինի շինարարություն իրականացնողները  չունեին ոչ մի թույլտվություն, ծանուցում էին ստացել այն մասին, որ իրենց  գործունեությունն ապօրինի է,  եղել է անգամ քանդման որոշում: Ու չնայած այս ամենին`  շարունակել են  շինարարությունը՝ ամեն օր խախտելով օրենքը, անտեսելով պետության եւ հանրության պահանջը: Նման դեպքեր այլեւս չեն լինելու», - նշել է Հայկ Մարությանը:

Գույքահարկի հավաքագրման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով քաղաքապետը պատասխանատուներին  հանձնարարել է  քաղաքացիներին մեկ անգամ եւս իրազեկել օրենքի պահանջի մասին՝ հետագա տույժերից ու տուգանքներից  խուսափելու  համար: Հիշեցնենք, որ համաձայն  «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի՝ ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչեւ հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, իսկ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է օրենքով սահմանված տույժ: ՀՀ ոստիկանության պետավտոտեսչության վարչությանն էլ  առաջարկվել է ուժեղացնել հսկողությունը տեխզննման ժամկետանց կտրոնների նկատմամբ:

Անդրադառնալով աղբահանության խնդրին՝ քաղաքապետը  վարչական շրջանների ղեկավարներին եւ «Սանիթեք» ընկերությանը հանձնարարել է ընթացիկ աշխատանքներին զուգահեռ   հսկողության տակ պահել բնակելի շենքերի աղբամուղերի մաքրումն ու ախտահանումը:

Խորհրդակցության ավարտին  աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությանը,  վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հնաձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել  մայրաքաղաքի  ամանորյա տոնական ձեւավորման ուղղությամբ՝ համաձայնեցնելով քաղաքի գլխավոր դիզայների հետ:

Աշխատակազմի  կազմակերպական  վարչությանը եւ  վարչական շրջանների ղեկավարներին   էլ  հանձնարարվել է  անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ  արտահերթ ընտրություններին, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 17 հոդվածի 5-րդ մասի, սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունը տեղամասային կենտրոններում ապահովելու համար:

Տպել
Ամենաշատ