ԱԺ արտահերթ ընտրություներում «Սասնա ծռեր» կուսակցության համապետական ցուցակը կգլխավորի կուսակցության համահիմնադիր Վարուժան Ավետիսյանը, իսկ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կլինի ցուցակի երկրորդ համարը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը:

Ստեփան Գրիգորյանը հայտարարեց, որ համաձայնել է մասնակցել ընտրություններին  «Սասնա ծռեր»-ի ցուցակով, քանի որ իրենց հայացքները համընկնում են:

«Ես «Սասնա ծռերի» հետ եմ,  քանի որ իրենք ազնիվ են, հայրենասեր եւ սկզբունքային»,-ասաց նա:

Գրիգորյանը խոսքով՝ «Սասնա ծռեր» կուսակցությունը  միակ ուժն է, որն ունի 300 էջանոց, լուրջ ռազմավարական ծրագիր:

«Ինձ համար կարեւոր է «Սասնա ծռերի», դեռեւս հուլիսին արված այն հայտարարությունը, որ իրենք հրաժարվում են քաղաքական հարցերը բռնությամբ լուծելու տարբերակից»,-ասաց նա:

Գրիգորյանի նշեց, որ ինքը, լինելով արեւմտամետ, այն կարծիքին է, որ Հայաստանը պետք է խորացնի հարաբերությունները  Արեւմուտքի, հատկապես Եվրամիության հետ:

«Մենք բոլորս պետք է դեմ լինենք վասալային հարաբերություններին»,-ասց նա:

Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ  արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան կանցնեն ՔՊ-ն եւ «Սասնա ծռերը»:

Ըստ նրա՝ «Սասնա ծռերը» ԱԺ-ում հակակշիռ է լինելու Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: