Ձեռքերը լվալ, մարտահրավերներից փախչել եւ ուրախանալ Փաշինյանի հնարավոր ձախողումներով դա մերը չէ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։
«Մենք աբիժնիկ չենք, մենք հայրենիքի զինվոր ենք, հայրենիքի շահը վեր է ամեն ինչից։ Դե ամեն մեկը թող ուրախանա, ասի՝ ա՜խ, էս ի՛նչ լավա, թող մի հատ տապալվի նոր իշխանությունը։ Տենց ենք արել, որ թագավորություններ ենք կորցրել»,–նշեց նա։
Պատգամավորը շեշտեց՝ ընդդիմությունն էլ դրա համար է, որ ուղղի իշխանություններին, որ քննդատի եւ քննադատությամբ զերծ պահի իշխանություններին ճակատագրական սխալներից։
«ՀՀԿ–ի մնալը քաղաքական դաշտում պայմանավորված է մի շարք կարեւոր հանգամանքերով՝ ազգային արժեքային համակարգի պաշտպանություն, քրիստոնեական արժեքային համակարգի պաշտպանություն, ավանդական արժեքներ, Արցախի հարցում մարտահրավերներին դիմակայել, իսկ ով էլ լինի իշխանությունը, մեն ք պետք է պաշտպանենք մեր ազգային շահերը։ Իսկ Փաշինյանի տապալումով ուրախանալն անընդունելի, եթե չասեմ անբարոյական մոտեցում է»,–նշեց նա։
Հարցին, եթե ժամանակին նախկին նախագահ Սերժ Սարգսյանն անփոխարինելի էր, ապա այժմ ինչու է հրաժարվել մասնակցել ընտրություններին, որին ի պատասխան վերջինս ասաց. «Այլ իրավիճակ է, բոլորին էլ պարզ է, որ ՀՀԿ–ն չի գնում իշխանությունը վերանվաճելու։ «Ինչ–որ մեկը կասկածո՞ւմ է, որ «Իմ քայլը» հաղթելու է, ես չեմ կասկածում, մենք մասնակցում ենք ընտրություններին իրական ընդդիմադիր բեւեռ ձեւավորելու համար»։
Շարմազանովի կարծիքով՝ ժողովուրդը պետք է ՀՀԿ–ին հավատա եւ ընտրի, քանի որ այս 6 ամսվա ընթացքում «մենք բացահայտել են իշխանությունների ստերի շարան, մենք բացահայտել ենք, որ իշխանությունները, քննադատելով ՀՀԿ–ին, հիմնական կուրսը չեն փոխել եւ այլ հարցերում եւս պահպանել են մեր մոտեցումը»,–եզրափակեց նա։











