News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նոր Նորքում ապօրինի շինության ապամոնտաժման որոշումն օրինաչափ է եւ շատ ճիշտ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13–ին քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը։

Նրա խոսքով՝  քանդման աշխատանքներից հետո կառուցապատողների դրսեւորած վարքագիծն անընդունելի է։

«Շատ ճիշտ որոշում էր, ապօրինի շինությունն օրենքով արգելվում է, անկախ այն բանից՝ հողը սեփական է, թե համայնքային։ Երեկվա դեպքն ընդգծված ապօրինություն էր, քաղաքապետարանի բոլոր գործողությունները եղել են իրավաչափ, օրինաչափ եւ ճիշտ»,–ասաց նա։

Կամո Արեյանը կոչ արեց քաղաքացիներին՝ զերծ մնալ ապօրինի շինարարությունից.

«Բոլորս միահամուռ դեմ ենք ապօրինի շինարարությանը, դեմ ենք ապօրինի հողազավթումներին, եւս մեկ անգամ մեր բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում՝ զերծ մնալ ապօրինի շինարարությունից եւ հողազավթումից։ Կպատժվեն օրենքով նախատեսված կարգով»,–ասաց նա։

Դիտարկմանը, թե ապօրինի շինարարությունը եղել է նաեւ նախորդ իշխանությունների օրոք, Արեյանն ասաց.

«Ես չեմ ասում, որ նախկինում խնդիրներ չեն եղել, եղել են. եղել են եւ ապօրինի հողազավթումներ, շինարարություններ, եղել են քանդումներ, բայց հիմա խնդիրը դրված է շատ հստակ՝ գիծ քաշել, բացառել ապօրինի հողազավթումն ու ապօրինի հողաշինարարությունը։ Նախկինում էլ այդ գիծը հստակ եղել է, բայց էլի եղել են մարդիկ, ովքեր սողոսկել, անցել են։ Միշտ էլ այդ երեւույթը եղել է քաղաքում, բայց մեկ անգամ պետք է հստակ վճռականություն եւ կամք դրսեւորել այդ երեւությը բացառելու համար»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Նոր Նորքում գտնվող «Անի 97» ՍՊԸ-ին պատկանող 1100 քմ է ընդհանուր մակերեսով առերեւույթ ապօրինի շինությունը ապամոնտաժվել է նոյեմբերի 12–ի առավոտյան՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ։ Կառուցապատողի խոսքով,  սակայն քաղաքապետարանն իրավունք չուներ քանդման որոշում կայացնել, քանի որ դատարանը դեռեւս որոշում չի կայացրել՝ շինության ապօրինի լինելու վերաբերյալ։

Տպել
Ամենաշատ