ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին արտերկրից էլեկտրոնային եղանակով կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի: Այս մասին ԿԸՀ նիստում հայտնել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա նշեց, որ արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կազմակերպելու համար ԿԸՀ-ն ստացել է համապատասխան գրություն ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից, որում տեղեկացվում է, որ մինչեւ սահմանված ժամկետի ավարտը իրենք տեղեկատվություն են ստացել միայն ԱԳՆ-ից եւ ՊՆ-ից:
«ԱԳՆ-ի ցուցակով ներկայացվել է 253 քվեարկող-ընտրող, իսկ ՊՆ-ի ցուցակով` 476 քվեարկող-ընտրող: Էլեկտրոնային եղանակով ընտրողների ընդհանուր թիվը 729 է»,- ասաց Մուկուչյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրողների համար կազմել է համապատասխան ծրարներ, որոնք մինչեւ նոյեմբերի 30-ը պետք է համապատասխան մարմինների կողմից փոխանցվեն արտերկրում բնակվող ընտրողներին:
«Ծրարներում գտնվում է էլեկտրոնային քվեարկության ուղեցույց: Մեկնարկելու է նոյեմբերի 30-ին՝ Երեւանի ժամանակով 08:00-ին, ավարտվելու է դեկտեմբերի 2-ին՝ ժամը 20:00-ին»,- նշեց Տիգրան Մուկուչյանը: