News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Երեւան քաղաքի ավագանին այսօրվա նիստում որոշեց թույլատրել «Եվրոպա հյուրանոց» ՓԲԸ-ին Հանրապետության փողոցի՝ հ.38 հասցեի շենքին հարակից ճանապարհահատվածում ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպումը: Այսպիսով նախատեսվում է թույլատրել կազմակերպել ծառողայական ավտոկայանատեղ` երկու ամսով, չորս ավտոտեղով` այլ տրանսպորտային միջոցների կայանման սահմանափակման իրավունքով:

Նշենք, որ մեկ ավտոտեղի համար տարեկան սպասարկման վճարը 80.000 դրամ է, եթե այլ տրանսպորտային միջոցների կայանման սահմանափակում չկա, իսկ սահմանափակման դեպքում՝ տարեկան 100.00. դրամ է։

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի խոսքով՝  ծառայողական ավտոմեքենաների համար նախատեսված գումարն անմիջապես մտնում է քաղաքային բյուջե, իսկ կարմիր գծերի դեպքում՝ այդ աշխատանքը կազմակերպող ընկերությանն է մասնաբաժին հասնում։

Նա նշեց, որ ներկայումս Երեւանում գործում են շուրջ 75 ծառայողական ավտոկայանատեղիներ, որոնց գերակշռող մասը Կենտրոն վարչական շրջանում։

Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքից Արթուր Իսպիրյանը նկատեց, որ Հանրապետությունը փողոցը միակողմանի է եւ առանց այն էլ նեղ է երկու գծով մեքենաներ կայանելու համար։

Նա հետաքրքրվեց, թե  հնարավոր չէ՞ մի կողմը լինի կայանելու հնարավորություն, ինչին ի պատասխան  Հենրիկ Նավասարդյանը նշեց, որ արգելափակում չկա:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ իր ելույթում ասաց, որ եթե տան հնարավորություն այդ տնտեսվարողին տրամադրելու կայանտեղին, ապա այն ծառայացնելու է իր հյուրերի համար, իսկ եթե դա տեղի չունենա, այսպես թե այնպես տուրիստական ավտոբուսը կանգնելու է երթեւեկելու գծի վրա, իսկ այդ փողոցը բավականին նեղ է, ծածկելու է տարածքը եւ առաջացնելու է խցանում:

«Հասկանալի է նաեւ, որ մենք չենք տալիս ծառայողական կայանատեղի այդ հյուրանոցի տնօրենի կայանման համար, տվյալ դեպքում ձեռներեցությանը հարմար պայմաններ ստեղծելու մասին է խոսքը»,-ասաց նա:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հայտարարեց, որ այս հարցը քննքրկվել է խմբակցությունում եւ առաջարկել են, որ օր առաջ մշակվի մեխանիզմ, որը կգործի 2019 թվականից:

«Դա Երեւանի ամբողջ կայանման համակարգը պետք է համակարգի: Այդ մեխանիզմը պետք է քննարկել այլ խմբակցությունների հետ եւ գալ ընդհանուր որոշման: Վստահ եմ, որ այդ որոշումը կթեթեւացնի քաղաքը եւ ճիշտ, կոնկրետ լուծումներ կտա այս հարցում»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ