News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 11
Տեսնել լրահոսը


Նախորդ օրերի գլխավոր ինտրիգը, թե որ ուժը ինչ կազմով կմասնակցի արտահերթին, այսօր լուծվեց։ Երեկոյան մինչև 6-ը ԿԸՀ-ն գրանցեց 11 քաղաքական ուժերի ընտրական ցուցակները։ Ըստ այդմ՝ դեկտեմբերի արտահերթին կմասնակցի 2 դաշինք՝ «Իմ քայլը» և «Մենք», և 9 կուսակցություն՝ Հանրապետական, Բարգավաճ Հայաստան, Դաշնակցություն, Լուսավոր Հայաստան, Օրինաց երկիր, Սասնա ծռեր, նոր անուններից՝ Ազգային առաջընթաց, Քաղաքացու որոշում, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ։

«Իմ քայլի» ցուցակում 183 թեկնածու է՝ սպասելի և անակնկալ անուններով, այստեղ կան մարզիկներ՝ ամենահայտնին Արսեն Ջուլֆալակյանը, նախկին ու գործող լրագրողներ՝ նաև հանրայինից և Ազատությունից, հայտնի մարդկանց զավակներ, ամուսնական զույգ՝ ցուցակում մի քանի տասնյակ անունով բաժանված Լենա Նազարյանն ու Նարեկ Բաբայանը․ կինը 3-րդն է, ամուսինը՝ 38-րդը։ Նախավերջին՝ 182-րդ տեղում Սիփան Փաշինյանն է՝ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին, նրա հարևանությամբ 181-րդ տեղում Փաշինյանի կնոջ եղբայրն է։ Սակայն Հրաչյա Հակոբյանը, ասաց, նեղված չէ, և իր այս հեռավոր հորիզոնականը բացատրեց ԽԾԲ-ի հանդեպ նոր իշխանության վերաբերմունքով։

Հանրապետականը արտահերթի է գնում 120 թեկնածուով՝ առանց օլիգարխների և մականունավորների․ ցուցակը գլխավորում է կուսակցության քաղաքական թեւը, մի ուշագրավ բացառությամբ՝ երրորդ տեղում առաջին նախագահ Տեր–Պետրոսյանի նախկին խնամին է՝ Դավիթ Շահնազարյանը։ Ցուցակի իններորդ տեղում Մենուա Հարությունյանն է, որը, սակայն, ընդդիմադիր իր կարիերան ու քարոզարշավը սկսում է գրեթե վստահ, որ չի ընտրվի․ Մենուայի կարծիքով՝ Փաշինյանը թույլ չի տա, որ ինքը՝ ասեղով տղան, գա ու պայթեցնի նրա փուչիկները։

«Երկիր Ծիրանին» մերժում է «խորհրդարանական ընտրություններ» անվանումով  կեղծ նախաձեռնությունը», քանի որ արտահերթն առանց ընտրական համակարգի արմատական փոփոխության` բազմաշերտ եւ բազմակողմ հանցավոր պայմանավորվածությունների  հետեւանք է: Հայտարարել է կուսակցությունը, փոխարենը խոստանալով՝ կյանքի կոչել Հայկական Մեծ Հեղափոխությունը, այն, ինչ, ըստ նրանց, չկարողացավ Փաշինյանը։

Կոմունիստներն էլ բոյկոտում են արտահերթը։ Նրանց հայտարարության մեջ դրա մի քանի պատճառ է նշված՝ մեկնարկային անհավասար պայմաններ, ռեյտինգային խայտառակ ընտրակարգ, քաղաքական անառողջ մթնոլորտ։ Կենտկոմին դուր չի եկել նաև հակառուսական ուժերի ակտիվությունը, իշխանության թատերական և ժողովրդահաճո ոճը։

Մանե Թանդիլյանի երկրորդ հրաժարականը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարը վայր է դրել լիազորությունները։ Պատճառը Թանդիլյանը բացատրել է ֆեյսբուքի իր էջում․ հրաժարական է տվել, քանի որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով մասնակցելու է Ազգային ժողովի ընտրություններին:

Խորհրդարանն այսօր հարցեր է ուղղել կառավարությանը, նաև՝ թե ինչ արվել ու արվելու, որպեսզի նախկին կեղծիքները չկրկնվեն։ Վարչապետի պաշտոնակատարը բացառել է, որ ապօրինի ազդեցություններով խեղաթյուրվի ժողովրդի կամքը։

Խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև որպես գրող, մանկագիր։ «Ծառուկյան» դաշինքից խնդրեցին մեկնաբանել նրա «Չար տնակը» հեքիաթի այլաբանությունները․ արդյո՞ք լացող տնակը հանրապետականն է, իսկ բարի կուղբը հեղինակ Փաշինյանը։

Բյուջեի նախագիծը խորհրդարանը քննարկեց նաև այսօր, բոլոր ուժերը կողմ են քվեարկելու՝ բոլորն էլ վերապահումներով, բյուջեն համարժեք չէ հեղափոխության սպասումներին, և ԲՀԿ-ն կքվեարկի հետագա քայլերի համար, Արմեն Ռուստամյանը հիշեց բյուջեի երկու ծնողներին, որ պաշտոնանկ նախարարներ են, բայց ասաց՝ Դաշնակցությունը չի ուզում վերջին շնչում խնդիր ստեղծել։ Իսկ Հանրապետականը չի կարող մերժել ինքն իրեն, քանի որ բյուջեն, չնայած խոստումներին, հեղափոխական չեղավ, և նորերն իներցիայով շարունակում են հների քաղաքականությունը։

Սահմանին կուտակված աջ ղեկով մեքենաների տերերը բողոքի ակցիա են արել կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են թույլ տալ, որ մոտ 2000 մեքենա մտնի Հայաստան։ Իսկ տրանսպորտի նախարարության առաջարկին՝ ներկրել, բայց 1 տարում ղեկը աջից ձախ փոխել, ներկրողները դեմ են, քանի որ ասում են՝ մեքենաներ կան, որոնց ղեկը չի կարելի փոխել՝ ռիսկային է։

Դոլարի փոխարժեքը երկար վերելքից հետո աննշան նվազել է՝ կազմելով 487 դրամ։ Եվրոն ու բրիտանական ֆունտը թանկացել են, եվրոն 549 դրամ է, ֆունտը 632, ռուսական ռուբլու փոխարժեքն անփոփոխ է՝ 7 ու 21 դրամ:

Հայաստանում վաղը՝ նոյեմբերի 15-ին, սպասվում են տեղումներ: Երեւանում ժամանակ առ ժամանակ կանձրևի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +10+12:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 10.12.2018
Ավարտվեցին Հայաստանի պատմության առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 07․12․2018
Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը 5 օր քննելուց հետո այսօր վճռեց անփոփոխ թողնել առաջին ատյանի որոշումը․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 06․12․2018
Փաշինյանը համոզված է, որ ՀԱՊԿ-ը կարող է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի խնդիրը զինված մեթոդով լուծելու Ադրբեջանի գայթակղությունը․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 05․12․2018
Շուտով Փաշինյանը մտավ ֆեյսբուքի ուղիղ եթեր, և բացատրեց, թե ինչու են հրապարակվում այդ նյութերը․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 04․12․2018
Այն մարդիկ, որոնք հայտարարում են, թե հեղափոխությունը Արցախի դեմ դավադրության ծրագիր է, դավաճանության մեղադրանք են ներկայացնում․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 03․12․2018
Արամ Հարությունյանը հանքերի հատուկ լիցենզիաների համար ոմն Ս. Հ.-ից պահանջել եւ միջնորդավորված ստացել է 14մլն դոլար կաշառք․․․
Ամենաշատ
Partner news