News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Պետք չէ ինքնալուծարված խորհրդարանի վերջին շնչում բերել մի նախագիծ, որը գրագետ չէ ու չի լուծելու այն կարևոր եւ օբյեկտիվ խնդիրը, ինչը դրել եք ձեր առջև: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ  օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծի քննարկման ժամանակ, դիմելով նախագծի հեղինակ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանին, ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Նախագիծը, որ ներկայացված է Ձեր կողմից, ուղղակիորեն չի պատկերացնում այն քաոսը, որը առաջանալու է նախագծի ընդունումից հետո: Դա բերելու է բացարձակ «բեսպրեդելի» այն ոլորտում, որը դուք արդարացիորեն փորձում եք կարգավորել», - ասաց Զոհրաբյանը՝ կոչ անելով Սամվել Ֆարմանյանին հանել քվեարկությունից նախօրեին ներկայացրած նախագիծը:

«Ի դեպ, ձեր իշխանությունն այս երկարուձիգ տարիների ընթացքում ուներ բոլոր անհրաժեշտ գործիքները ոկլորտը կարգավորելու: Հիմա ես ունեմ օբյեկտիվ մտահոգություն, մտածելու, թե ինչու եք հիմա բերել այս նախագիծը, որը ոչ թե լուծում է խնդիրը, այլ առաջացնում է նորանոր ռիսկեր»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա հիշեցրեց, որ իրենց խմբակցությունն ավելի լավ լուծումներ է ներկայացրել ոլորտի կարգավորման համար. նա առաջարկեց ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և այդտեղ քննարկել հարցը:

«Ծառուկյանի» ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու նախագծի քվեարկությանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Սամվել Ֆարմանյանը ներկայացնելով օրինագծերի փաթեթը, նշել էր, որ այն ուղղված է «տարատեսակ վիվառոներն ու տոտոները» արգելելուն: «Քննարկվող նախագիծը վերաբերում է, ժողովրդական լեզվով ասած, «տոտոներին եւ վիվառոներին», օրենսդարական լեզվով ասած՝ բուքմեյքերական ընկերությունների կամ տոտալիզատորների գործունեության օրենսդրորեն արգելմանը ՀՀ-ում: Խոսքը վերաբերում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բուքմեյքերական ընկերությունների գործուենության օրենքով արգելմանը ՀՀ տարածքում, ինչպես իրենց գրասենյակների, այնպես էլ վիրտուալ, ինտերնետ հարթակում գործուենության արգելմանը»,–նշել էր Ֆարմանյանը։

Ժողովրդին համազգային «ղումարբազության» մեջ ներքաշելը անարգանք է սեփական ժողովրդի նկատմամբ. Ֆարմանյան

Տպել
Ամենաշատ