News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մի օր հայաստանյան որեւէ կառավարություն ստիպված է լինելու գնալ բույքմեքերական կազմակերպությունների գործունեության կարգավորման ռադիկալ ճանապարհով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ–ում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծի քննարկման ժամանակ համոզմունք հայտնեց օրինագծի համահեղինակ, 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

«Ինչպես էլ մենք փաթեթավորենք, աշխարհում խնդրի ռադիկալ կարգավորման բարեհաջող փորձեր կան։ Ձեզանից յուրաքանչյուրը, եթե առիթ ունենա լինել Իսրայելում, կարող է հետաքրքրվել՝ ինչպես է գործում այս սահմանափակումը»,–նշեց նա։

Պատգամավորը ափսոսանք հայտնեց, որ «նման կարեւոր նախագիծը չունի քաղաքական այն աջակցությունը, որը կարող էր այն գործող օրենքի վերածել»:

Նա շեշտեց՝ հիասթափված է. «Ամբողջ հարցը վերաբերում է նրան, որ խնդիրներն իրենց լուծելու ճիշտ ժամանակն ունեն, երբեմն այդ խնդիրները ոչ մեկ քայլ առաջ, ոչ էլ մեկ քայլ հետո հնարավոր չի լինում լուծել։ Ես, իհարկե, հիասթափված եմ, զգում եմ, որ նախագիծը չի ստանալու բավարար աջակցություն»։

Ֆարմանյանը, սակայն, հույս հայտնց, որ գալիք խորհրդարանում կշարունակի հետամուտ լինել խնդրի կարգավորմանը. «Իսկ ես լռելյայն, առանց այդ մասին բարձրաձայնելու, պարզապես ամեն անգամ, երբ մամուլում տեղեկություններ կհայտնվեն այս խնդրի հետ կապված հանցագործությունների կամ դժբախտ դեպքերի, մարդկային խեղված ճակատագրերի մասին, ես ձեզ Facebook Messenger-ով լռելյայն կուղարկեմ բոլոր այդ դեպքերի մասին հաղորդագրություններ»։

Կառավարությունների կողմից այս խնդրի հարցով մոտեցմանը անդրադառնալով նա ասաց, որ նախկին կառավարություններին պետք չէ իրենից պաշտպանել, ապա հավելեց, որ նախկին կառավարությունները օրենքը շրջանառության մեջ չդնելու համար բերում էին այն նույն հիմնավորումը, ինչպիսի հիմնավորում ներկայացրել է գործող կառավարությունը։

Պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի նկատառմանը, թե ներկայացված նախագիծը քինախնդրության փորձ է գործող իշխանության հանդեպ, Սամվել Ֆարմանյանն ասաց. «Ես Ձեզ ասել եմ, պարոն Սիմոնյան, ես դա համարում եմ անձնական վիրավորանք, ինձ պետք է շատ վատ ճանաչել՝ նման եզրակացություն անելու համար»։

Պատգամավորը ելույթի վերջում ընդգծեց՝ բոլոր իշխանություններն էլ անցնում են նույն ճանապարհով, երբ ինչ–ինչ մարդիկ նույն այդ իշխանություններին արջի ծառայություններ են մատուցում.

«Ինձ մոտ իսկապես տպավորություն է, որ բոլոր իշխանություններն անխուսափելիորեն անցնում են նույն ճանապարհով, երբ կառավարության պաշտոնյաներն ամեն ինչ անում են՝ հիմնավորելու մի բան, որը գրեթե հնարավոր չէ հիմնավորել, երբ հայտնվում են մարդիկ, որոնք փորձում են տվյալ իշխանությանը մատուցել աննկարագրելիորեն արջի ծառայություն, եւ այդպես, պարոն Սիմոնյան, ծնվում է իշխանությունների մշտական սինդրոմը, երբ դահլիճից դուրս կա մեկ այլ իրականություն, բայց դահլիճում այս կամ այն պատճառով փորձ է  արվում ստեղծել լրիվ այլ իրականություն»։

Տպել
Ամենաշատ