News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Կառավարությունը այսօրվա՝ նոյեմբերի 15-ի նիստում հավանություն չտվեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով արգելվում է նույն սեռի անձանց ամուսնությունը:

Նախագիծը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը՝ նշելով, որ արդեն իսկ ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ ամուսնությունը հնարավոր է կնոջ եւ տղամարդու միջեւ. «Ամուսնական տարիքի հասած կինը եւ տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության եւ ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:»:

Բացի այդ, ըստ նրա, ամուսնության կնքման համար անհրաժեշտ պայմաններն ամրագրված նաեւ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով, ըստ որի «Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու եւ կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը եւ նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը»:

Փոխնախարարն առաջարկեց գործող օրենքը թողնել անփոփոխ, քանի որ ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ  ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով արդեն իսկ կարգավորվում է օրենքի նախագծով կարգավորման ենթակա խնդիրը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հարցրեց. «Ենթադրենք երկու տղամարդ կամ երկու կին գնում են ԶԱԳՍ ու ասում են՝ ուզում ենք ամուսնանալ: Կա՞ օրենսդրական որեւէ ճանապարհ, որ նրանց ամուսնությունը կգրանցվի», ինչին Արսեն Մանուկյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, որովհետեւ, ամուսնությունը կնոջ եւ տղամարդու միջեւ հարաբերություն է: Այս օրենքի ընդունում կամ չընդունումը որեւէ հարց չի փոխում, որովհետեւ հարցն արդեն կարգավորված է օրենքով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ