News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 15-ի որոշմամբ, «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն եւ «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ն հանվեցին 2017-2020թթ. մասնավորեցման ցանկից:

Նախագիծը կառավարությունում ներկայացրեց առողջապահյության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ այս երկու կենտրոնները բացառիկ նշանակություն ունեն հանրապետության համար:

Թորոսյանի խոսքով, «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն իրականացնում է չարորակ եւ բարորակ նորագոյացությունների հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում, ուռուցքաբանական հիվանդների դիսպանսեր հսկողություն, ինչպես նաեւ հանրապետության ողջ տարածքից ուռուցքաբանական հիվանդների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքագրում: Հանրապետական նշանակության 500 մահճակալանոց պետական հիվանդանոցը` ունի թե ախտորոշիչ եւ բուժական հնարավորություններ։

Ներկայում «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ հանրապետությունում գործող եւ օնկոլոգիական բուժ. օգնության եւ հսկողության ծառայություններ մատուցող ամենախոշոր եւ բազմապրոֆիլ բժշկական կազմակերպությունն է:

Հաշվի առնելով վերջինիս ծավալները հանրապետությունում օնկոլոգիական հիվանդությունների աճը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ ներկայում պոտենցիալ ներդրողներ եւ կազմակերպությունը ձեռքբերողներ առկա չեն, առավել նպատակահարմար է, որ նշված պրոֆիլի եւ ծավալների կազմակերպությունը գործի պետական համակարգում եւ  վերջինիս հնարավոր եւ ցանկալի զարգացումները անմիջականորեն համակարգվեն եւ ուղղորդվեն պետության կողմից:

Ինչ վերաբերում է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնին» Այն, ըստ Արսեն Թորոսյանի, իրականացնում է հանրապետական նշանակության գործառույթներ, մասնավորապես. Կենտրոնը այրվածքային եւ ճառագայթային հիվանդություններ ունեցող անձանց բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրող միակ մասնագիտական ուղղվածության հիմնարկն է, որտեղ տարեկան բուժվում են շուրջ 550-600 քաղաքացի:

Կենտրոնն իրականացնում է մասնագիտական խորհրդատվություններ Երեւան քաղաքի եւ ՀՀ մարզերի բժշկական կենտրոններում, ինչպես նաեւ ապահովում է ճառագայթային հիվանդությամբ տառապող անձանց շարունակական հսկողությունը եւ բուժումը: Ներկայում, Կենտրոնում իրականացվում է շուրջ 3000 հիվանդներ շարունակական հսկողություն:

«Հաշվի առնելով, որ Կենտրոնն իր պրոֆիլով միակն է ՀՀ-ում, գտնում ենք, որ այն պետք է գործի պետական համակարգում եւ վերջինիս հնարավոր եւ ցանկալի զարգացումները անմիջականորեն համակարգվեն եւ ուղղորդվեն պետության կողմից:

Հաշվի առնելով նշված 2 կազմակերպությունների բացառիկությունը, կարեւորությունը եւ, որոշ դեպքերում, ստրատեգիական նշանակությունը, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանց գործունեությունը պետական փակ բաժնետիրական ընկերությունների կարգավիճակով ավելի արդյունավետ է, ինչը, միանշանակ, չի բացառում մասնավոր ներդրողների ներգրավման հնարավորությունը:

Համապատասխան ներդրողների ի հայտ գալու պարագայում, նշված կազմակերպությունների զարգացման հեռանկարներից ելնելով, նախատեսվում է կիրառել «պետություն-մասնավոր ներդրող» համագործակցության ձեւաչափը»,- ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատարը:

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը նկատեց. «Խնդիր չկա, հանենք մասնավորեցման ցուցակից, բայց մենք պայմանավորվել էինք, որ եթե հանում ենք, պետք է ծրագիր ներկայացնել այդ ընկերությունների հետագա զարգացման հետ կապված: Որովհետեւ ժամանակին երբ որոշվել է ընդգրկել ցուցակում, պատճառն այն է եղել, որ այդ ընկերությունները շատ վատ են կառավարվում»:

Այս դիտարկմանը համաձայնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, իսկ Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ եթե վատ է կառավարվում, դա չի կարող հիմք լինել մասնավորեցման համար: Նա որպես օրինակ բերեց մարզային հիվանդանոցները, որոնք նույնպես ժամանակին անարդյունավետ են կառավարվել. «Կան ԲԿ-ներ, որոնք կարող են մասնավորեցնել, բայց կոնկրետ այս դեպքում դա չի կարելի անել: Մենք պատրաստ ենք ներկայացնել ծրագրեր բոլոր բժշկական կենտրոնների մասով»:

Ի վերջո, որոշվեց, որ պետք է որոշման հետ լինեն նաեւ զարգացման ուղղությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ