News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 15-ի իր նիստում «Հին Երեւան» նախագծի հետ կապված որոշում կայացրեց. Մասնավորապես, որոշվեց Երեւանի քաղաքապետին նոր լիազորություն վերապահել՝ այդ տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության եւ ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրեր կնքել։

Նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչէ Տերտերյանը: Նա նշեց, որ Երեւանի Արամի, Բուզանդի, Կողբացու փողոցներով սահմանափակված տարածքներում սեփականության օտարման վերաբերյալ կայացվել է որոշում եւ այն ճանաչվել է գերակա հանրային շահ, սակայն նշվել էր, որ օտարման գործընթացը պետք է կատարվեր մինչեւ հունիսի 30-ը:

Ներդրող «Ի ԷՄ ՍԻ» ընկերությունը դիմել է կառավարությանը՝ խնդրելով ժամկետը երկարաձգել մինչեւ 2020 թվականը, քանի որ շուրջ 48 միավոր գույք նկատմամբ հնարավոր չի եղել կնքել պայմանագրեր:

«Մենք էլ որոշել ենք ոչ թե մեխանիկորեն երկարաձգել ժամկետը, այլ քաղաքապետին վերապահել լիազորություն՝ կնքել այդ ընկերության հետ նոր պայմանագրեր:

Նա ընդգծեց, որ եթե ձեռքբերողը Երեւանի համայնքը չէ, եւ եթե oտարվող գույքը գտնվում է Երեւանի տարածքում, ապա կառավարությունն իրավունք ունի uույն մաuով նախատեuված պետության անունից պայմանագիրը կնքելու լիազորությունը` որպեu պատվիրակված լիազորություն, վերապահելու Երեւանի քաղաքապետին: Այդ պայմանագիրն ուժի մեջ է մտնում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մաuին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

Վաչե Տերտերյանը նաեւ նկատեց, որ Կառավարության որոշմամբ բացառվել է որպես օտարվող տարածքի փոխհատուցման ձեւ, ապագայում կառուցվելիք շենքից բնակարանի տրամադրումն, ընկերությունը հայտնել է, որ որպես սեփականություն ունի Երեւան քաղաքի տարբեր թաղամասերում կառուցված բազմաբնակարան շենքերում բնակարաններ, ինչը արդեն կնպաստի օտարման գործընթացի իրականացումը արդյունավետ եւ արագ ավարտին հասցնելուն:

«Հաշվի առնելով արդեն իսկ հաստատված քաղաքաշինական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը եւ այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 01.06.2017թ. հ. 585-Ն որոշմամբ տարածքի ձեռքբերող  «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տարածքում կատարվել է մասնակի օտարման գործընթաց, եւ այն, որ օտարվող սեփականության սեփականատերերի եւ այլ գույքային իրավունք ունեցողների հետ տարվել են  բանակցություններ եւ հաշվի առնելով «Ի ԷՄ ՍԻ» ՓԲ ընկերության դիմումը, առաջարկվում է լիազորել Երեւանի քաղաքապետին նշված ընկերության հետ կնքել նոր պայմանագրեր:

Պայմանագրերի կնքումից հետո հնարավոր կլինի նշված տարածքի նկատմամբ ճանաչել  բացառիկ` գերակա հանրային շահ եւ ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը: Մասնավոր ներդրումների հաշվին Գլխավոր պողոտայի` Փ. Բուզանդ, Եզ. Կողբացու, Արամի փողոցներով սահմանապակվող տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երեւան» պատմաճարտարապետական միջավայրը եւ հնարավորություն կստեղծվի կորցված եւ քանդված պատմության եւ մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով տարածքում վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր:

Թաղամասը վերակառուցելու նպատակը պատմական կառուցապատված տարածքների կիրառական-գեղագիտական բարելավումն է, կանոնավոր կառուցապատմամբ, հատուկ փակ գոտու սահմանումը եւ ներգրավումը քաղաքի կենսագործունեության մեջ: Ճարտարապետական նախագծի մտահղացման նպատակն է` վերստեղծել այն միջավայրը, որով կարդիականացվի տարածքը, կամրացվեն կիրառական ենթակառուցվածքները, միաժամանակ կմեծանա տարածքի առեւտրային եւ մշակութային նշանակությունը: Պատմական կառույցների հիմնական ֆոնդում 19-րդ դարի եւ 20-րդ դարասկզբի շինություններն են»,-նշված է հիմնավորման մեջ:

Այս առնչությամբ, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ըստ էության, խոսքը «Հին Երեւան» նախագծի մասին է, սա շատ կարեւոր նախագիծ է, մենք պետք է աշխատենք, որ այն կյանքի կոչվի։ Այդ տարածքում կա 7-8 ճարտարապետական հուշարձան եւ քանի որ մեր մոտեցումն ու քաղաքականությունն այն է, որ հուշարձանները չպետք է վնասվեն, էլ չեմ խոսում քննադատելու մասին, ըստ էության, հիմա այն գործընթացում ենք, որ ներդրողի հետ համատեղ աշխատում ենք, որպեսզի նախագիծը այնպես վերափոխվի, որ հուշարձանները մնան անձեռնմխելի, եւ նախագիծը լիարժեք իրականացվի: Այս առումով, ներդրողի հետ լիարժեք ըմբռնում ունենք։ Ինչպես ասում են՝ հիմա գնդակը ճարտարապետների դաշտում է, որպեսզի նրանք կարողանան եւ՛ տրամաբանական, եւ՛ գեղագիտական, եւ՛ քաղաքաշինական, եւ՛ ներդումային առումներով նախագծում այնպիսի փոփոխություններ կատարեն, որից հետո ծրագիրը ողջ թափով կգործարկվի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել