News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ Ազգային ժողովում այսօր՝ նոյեմբերի 16-ին, տապալվեց ՀՀԿ մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով արգելվում է Հայ առաքելական եկեղեցու տարածքներում հավաքների անցկացումը:

Օրինագծին կողմ քվեարկեց ընդամենը 28 պատգամավոր եւս 14-ը ձեռնպահ էր:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, որ ինքը ձեռնպահ է քվեարկել: Օրինագիծը եւս մեկ անգամ քվեարկության դրվեց եւ ստացավ 43 կողմ ձայն ու կրկին չանցավ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Այս ամիսների ընթացքում աղանդավորական շարժումները գլուխ են բարձրացրել, դա մտահոգիչ է: Հաջորդ խորհրդարանին կխնդրեմ ավելի ուշադիր լինել ազգային եւ քրիստոնեական արժեքների պաշտպանության գործում: Ցավում եմ, որ այս օրինագիծը տապալվեց»:

ՀՀԿ-ից Սամվել Նիկոյանն էլ խնդրեց վերականգնել պատկերը, որ երեւա, թե որ խմբակցությունը դեմ քվեարկեց. «Հայ առաքելական եկեղեցին մեր ազգային հենասյուներից մեկն է եւ նրա անվտանգությունը պաշտպանելը յուրաքանչյուր հայի պարտքն է: Եթե որեւէ պատգամավոր բոյկոտում է, ուզում ենք իմանալ, թե ով է մեր արժեհամակարգի դեմ գործողություններ կատարում»: Պարզվեց, որ չեն քվեարկել տարբեր խմբակցությունների պատգամավորներ:

Հաջորդը քվեարկության դրվեց ՀՀԿ-ական պատգամավորների նախաձեռնած «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը վերաբերում է Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությանը: Այն եւս տապալվեց, կողմ էր ընդամենը 28 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը նշեց. «Կառավարության ներկայացուցիչը երեկ հավաստիացրեց, որ եթե կաթողիկոսը անվտանգության կարիք ունենա, ապա կառավարությունը հատուկ միջոցներ կձեռնարկի: Հատուկ դա արձանագրելու կարիք չկա, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա»:

Ի պատասխան Շարմազանովը նկատեց, որ չի կարելի կաթողիկոսի անվտանգության մասին խոսել «եթե»-ներով, քանի որ Սահմանադրությամբ Հայ եկեղեցին բացառիկ իրավունքներ ունի:

Օրինագծի հեղինակներից ՀՀԿ-ական Միհրան Հակոբյանը եւս նշեց, որ այս հարցը չի կարելի թողնել կառավարության հայեցողությանը. «Հայեցողությամբ վարչապետը կարող է լուծել, ասենք «Կյանքի խոսքի», «Եհովայի վկաների» անվտանգության հարցը կամ չլուծել:

ՀՀԿ-ից Հայկ Բաբուխանյանը հիշեցրեց, որ վերջին շրջանում կաթողիկոսի անձը վտանգվել է եւ դա է հիմք դարձել այս օրինագծի համար:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ այսօր պաշտպանության կարիք ունի ոչ միայն կաթողիկոսը, այլ նաեւ եկեղեցին. «Այսօր վեհափառին դնել մի վիճակի մեջ, որ ինքը խնդրի, որ իրեն պաշտպանենք, դա ճիշտ մոտեցում չէ»:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը տեղեկացրեց, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու, որովհետեւ այսօրվա գործող կարգավորումներով եւս հարցը հնարավոր է լուծել:

Շարմազանովը հայտարարեց, որ սա ավելին է, քան քվեարկությունը. «Այս քվեարկությամբ մենք որոշելու ենք ուր ենք գնում՝ ծառայում ենք Աստծուն, թե Սատանային, ծառայում ենք եկեղեցուն, թե աղանդավորությանը»:

Իսկ արդեն քվեարկությունից հետո Շարմազանովը հայտարարեց. «Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն է: Հայ ժողովուրդը պետք է պատասխան տա եւ հայ ժողովրդի առաջ պետք է պատասխան տան այն ուժերը, որոնք ծնում են աղանդավորության քարոզ, սեռական փոքրամասնությունների, գոմիկների քարոզ եւ երկրորդական են դարձնում եկեղեցու պաշտպանությունը: մենք այսօր 28 ենք, վաղը կլինենք 2800, մյուս օրը 2 մլն 800: Հայկը չի կարող պարտվել Բելին: Մենք հաղթելու ենք, հաջողություն ձեզ»: Սա ասելով Շարմազանովը ցուցադրաբար դուրս եկավ նիստերի դահլիճից: Նրան հետեւեցին ՀՀԿ-ական բազմաթիվ պատգամավորներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ