News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 17
Տեսնել լրահոսը


ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հարցին, թե ինչու ՀՀԿ–ի իշխանության օրոք Ամենայն հայոց կաթողիկոսին պետական պաշտպանության ենթակա անձանց ցուցակում ներառելու նախաձեռնությամբ հանդես չէին գալիս։

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նա, մասնավորապես, նշեց. «Հանրապետականի իշխանության օրոք սեռական փոքրամասնությունները եւ աղանդավորները չէին վխտում եւ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա հարձակումներ չէին իրականացնում, Վեհարանի գրավման փորձեր չէին կատարում եւ Ջերմուկի ճանապարհին էլ կաթողիկոսի վրա չէին հարձակվում: Այ դրա համար դրա անհրաժեշտությունը չկար: Իսկ էս 6 ամսվա ընթացքում մենք տեսանք ե՛ւ Վեհարանի գրավման փորձեր, ե՛ւ Վեհափառի նկատմամբ ոտնձգություն, ե՛ւ աղանդավորության քարոզ, ե՛ւ գոմիկության քարոզ: Այ դրա համար մենք էսօր բերել ենք այս օրենսդրական նախաձեռնությունը»։

Պատգամավորը շեշտեց՝ չի ցանկանում, որպեսզի այդ կարեւորագույն հարցերը կախված լինեն Փաշինյանի կամ վաղվա իշխանության քաղաքական կամքից. «Կա Սահմանադրություն եւ ըստ դրա ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ունի բացառիկ իրավունքներ եւ տեսնում ենք այդ վտանգներն ու փորձում են տալ ուղիղ օրենսդրական լուծումներ»:

Նա նախագծի տապալման մեջ մեղադրեց «Ելք» խմբակցության պատգամավորներին ու Նիկոլ Փաշինյանին։

Իսկ դիտարկմանը, որ Կաթողիկոսը այսօր չի կարողանում ազատ շրջել, դրանում հենց ինքն է մեղավոր, ՀՀԿ–ականը համոզմունք հայտնեց՝ հավատացյալներն իրավունք չունեն գնահատականներ տալ հոտի առաջնորդներին. «Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները, եթե Աստվածաշունչ մի քիչ շատ կարդային, կհասկանային, որ մենք իրավունք չունենք գնահատական տալ մեր հոտի առաջնորդներին: Վեհափառը դա Աստծուց ա, ցանկացած եկեղեցու առաջնորդ, նա Աստծուց ա: Եվ մենք՝ որպես Հայ առաքելական եկեղեցու հոտի հետեւորդներ, մենք չէ, որ պետք է որոշենք ինչ պետք է անի վեհափառը, ինչ չպետք է անի, մենք պետք է նրան պաշտպանենք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը տապալվեց, քանի որ կողմ էր միայն 28 պատգամավոր:

ՀՀԿ-ական պատգամավորները դա համարեցին սրբապղծություն, սատանայի ու սատանայապաշտների, գոմիկների ու կրոնական փոքրամասնությունների քարոզ:

Նշենք, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների մի մասը ձեռնպահ քվեարկեց այդ օրինագծին, «Ելք»-ից միայն Գեւորգ Գորգիսյանն է կողմ քվեարկել: Քվեարկությունից հետո ՀՀԿ-ական պաշտգամավորների մի մասը ցուցադրաբար լքեց դահլիճը:

Տպել
Ամենաշատ
Partner news