Սանկտ Պետերբուրգի Նեւսկու շրջանային դատարանը կալանավորել է նախկին քննիչ Նիկոլայ Վորոբյովին, ում մեղադրում են 11 կգ կոկաին վաճառելու մեջ, որը նա գողացել է իրեղեն ապացույցների միջից, փոխանցում է «Дождь»-ը՝ վկայակոչելով Պետերբուրգի դատարանների միացյալ մամուլի ծառայության հաղորդագրությունը:
Վորոբյովին 2 ամսով կալանավորել են՝ մինչեւ 2019 թվականի հունվարի 14-ը: «Ֆոնտանկայի» տեղեկություններով՝ նախկին քննիչի դեմ քրեական գործ է հարուցվել ծանր հետեւանքներ առաջացրած ծառայողական լիազորությունների չարաշահման, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով թմրանյութերի հափշտակման եւ իրացման համար: Նախկին քննիչին սպառնում է ցմահ ազատազրկում:
Լինելով Պետերբուրգի Քննչական կոմիտեի հատուկ կարեւոր գործերով քննության ստորաբաժանման ավագ քննիչ՝ Վորոբյովի վարույթում է եղել քիգբոքսինգի Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդր Բոլշակովի քրեական գործը, ում 2018 թվականի մայիսին 22 տարվա ազատազրկման էին դատապարտել Ուրուգվայից Ռուսաստան կոկաինի մաքսանենգության համար: