News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

«Արժանապատիվ Հայաստան» կուսակցության ղեկավար, նախկինում «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանը ոստիկանությունից ետ է վերցրել փետրվարի 13-ին ավագանու նիստին տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ իր բողոքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարինա Խաչատրյանը՝ նշելով, որ իր նախաձեռնությամբ է ետ վերցրել բողոքը, կողմերից որեւէ մեկն իրեն չի խնդրել այդ մասին:

«Ես 1.5 ամիս առաջ հետ եմ վերցրել իմ բողոքը, դա, հավանաբար, անականկալ է իրենց համար: Ես դա չեմ հրապարակել, գլուխ չեմ գովել, կարծում եմ գլուխ գովելու բան էլ չկա: Կարծում եմ՝ թշնամանքը մեր երկրի ներսում պետք է բացառել: Ես կարծում եմ, որ թշնամանքը մեր քաղաքական դաշտում արհեստական է ներդրվում, եւ ես դա պետք է բացառեմ»,- ասաց նա:

Մարինա Խաչատրյանի խոսքով՝ երկրում իրավիճակ է փոխվել, բայց ցավոք սրտի, կա ատելության մթնոլորտ. «Տեսնում ենք համացանցում ինչպես են մարդիկ միմյանց հետ խոսում, միմյանց մասին խոսում: Ես ցանկանում եմ, որ այդ մթնոլորտ դադարի, ես ցանկանում եմ օրինակ ծառայել: Ես ցանկանում եմ, որ խաղաղություն լինի մեր երկրի ներսում, մենք պետք է միասնական լինենք, իրար թիկունք լինենք, որ թշնամին մեզ չկարողանա հաղթի: Հայը հային թշնամի չէ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու նիստում, 2018թ. փետրվարի 13-ին, ծեծկռտուք է եղել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձել էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտ կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել էին արգելել նրանց, որից հետո քաշքշուկ էր սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ էին հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, քաշքշել նրա մազերը: Ավելի ուշ Մարինա Խաչատրյանը հայտարարել էր, որ իր հանդեպ նաեւ սեռական ոտնձգություն է կատարվել, որի համար էլ ինքն ապտակել է ՀՀԿ-ական Էդմոնդ Կիրակոսյանին:

Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (ծեծ) առաջին մասի եւ 258-րդ (խուլիգանություն) հոդվածի առաջին մասի հատկանիշներով:

Տպել
Ամենաշատ
Partner news