News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 14
Տեսնել լրահոսը


Իմ պայքարը ընդդեմ չէ, իմ պայքարը հանուն է, ժողովուրդ ջան. հանուն ազգային-քրիստոնեական Հայաստանի եւ Արցախի, հանուն 88-ին պայքարած իմ ավագ եղբայրների գործի շարունակականության, հանուն իմ գաղափարների՝ հայկական ընտանիքի, ավանդական արժեքների, քրիստոնեական՝ իրական սիրո , այլ ոչ թե պղծության քարոզի, արժեքների տոտալ խեղաթյուրման եւ մանիպուլյացիայի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Այսօր մեր հայրենիքի առջեւ լուրջ մարտահրավերներ են ծառացած՝ հոգեւոր եւ արտաքին անվտանգությանը հարվածող սպառնալիքներ եւ դրանք լուծելու համար չպետք է «դունչներս սրբենք» ու ապահով, տաք տեղերում հանգրվանենք: Չվախենանք ճշմարտությունն ասել, պայքարելով՝ առաջ գնանք»,-գրել է նա:

Շարմազանովը նաեւ «լայֆ» է մտել ու նշել. «11 տարի շարունակ եղել եմ ԱԺ պատգամավոր, իսկ վերջին 7 տարի՝ ԱԺ փոխնախագահ: Այդ ժամանակահատվածում եղել են ձեռքբերումներ, նաեւ բացթողումներ ու սխալներ:  Բայց եղել է ազնիվ ու անկեղծ միտում՝ ծառայելու Հայաստանին ու Արցախին: Ամենակարեւորը՝ եղել է արդյունք: Այդ ընթացքում երբեք չեմ առաջնորդվել մանդատը կամ պաշտոնը ինքնանպատակ է կամ պրեստիժ է գաղափարով: Ինձ համար դա եղել է առաքելություն:

Ես միշտ եղել եմ գաղափարի մարտիկ, միշտ հավատացել եմ իմ գաղափարներին, հավատացել եմ Հայկի հաղթանակին Բելի նկատմամբ եւ հիմա էլ անուղղելի լավատես եմ:

Պայքարել ու պայքարելու եմ հանուն Արցախի ու ՀՀ անվտանգության, հանուն ազգային ավանդական արժեքների, հանուն Հայ առաքելական եկեղեցու, հանուն ավանդական ընտանիքի, հանուն նրա, որ տարատեսակ աղանդավորական շարժումները եւ պղծություն քարոզողները ՀՀ-ում չընդլայնվեն, որեւէ վտանգ չսպառնա մեր անվտանգությանը:

Այս ընթացքում շատերն են ինձ ասել, այ Շարմազանով ջան, այ Էդվարդ ջան, ինչի՞դ է պետք խոսում ես, բայց ես չեմ կարող լռել: Որովհետեւ սա է իմ տեսակը, որովհետեւ եթե տանը կա խնդիր, ոչ թե պետք է լռել, այլ մաքրել տունը, լուծել խնդիրները»:

Նա տեղեկացրեց, որ առաջադրվում է Լոռու մարզում ինչպես նաեւ իր «սիրելի եւ հպարտություն ներշնչող» ՀՀԿ-ի կողմից: Շարմազանովը հույս հայտնեց, որ հասարակությունը կգնա ճիշտ ընտրության եւ քաղաքական պայքարում չի գնա մահի ու կյանքի կռվի, կգնա հանուն կռվի. «Մենք պետք է ճիշտը ասենք, մեր ազգին պետք են սկզբունքային գործիչներ: Այսօր թիմին դավաճանողը վաղը հայրենիքին է դավաճանելու: Ես ուզում եմ որ մենք մաքրենք դաշտը տարատեսակ ոչ կայուն տարրերից եւ գնանք առաջ միասնական՝ անկախ կուսակցական պատկանելիությունից»:

Նա ընտրությունների բոլոր մասնակիցներին մաղթեց նորմալ, կոռեկտ, քաղաքակիրթ ընտրապայքար:

Տպել
Partner news