News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի եւ Իլ-Դե-Ֆրանսի միջեւ բարեկամական հարաբերությունները նոր մակարդակի են հասնում: Նոյեմբերի 19-ին  Երեւանի եւ Իլ-Դե-Ֆրանսի միջեւ համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում 2018-2021 թվականների ճանապարհային քարտեզ ստորագրվեց: Փաստաթուղթը ստորագրեցին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը եւ Իլ-Դե-Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը:

Մարությանն իր խոսքում ուշադրությունը հրավիրեց վերջին տասնամյակներին Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ փոխգործակցության զարգացմանը: Այսպես, այս տարվա հոկտեմբերին Երեւանում հաջողությամբ անցկացվեց Ֆրանկոֆոնիայի երկրների XVII գագաթաժողովը:

«Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը նույնպես նոր խթան կդառնա մեր երկրների միջեւ համագործակցության զարգացման համար», - ընդգծեց քաղաքապետը՝ հաստատելով Երեւանի եւ Իլ-Դե-Ֆրանսի միջեւ համագործակցության խորացման պատրաստակամությունը:

Խոսելով Իլ-դե-Ֆրանսի հետ համագործակցության մասին, Մարությանը մատնանշեց բազմաթիվ երկկողմ ծրագրերի իրականացումը` վստահություն հայտնելով, որ այսօր ստորագրված փաստաթուղթը փոխգործակցությանը նոր որակ կհաղորդի:

Քաղաքապետը նաեւ նշեց  Հայաստանի սփյուռքի կարեւոր դերը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համագործակցության ամրապնդման գործում:

Պեկրեսը խոստովանեց, որ առաջին անգամ Երեւան այցելել է  28 տարի առաջ: «Այդ ժամանակ արդեն ես ուժեղ կապ զգացի Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ», - ասաց նա:

Պեկրեսը տեղեկացրեց, որ ֆրանսիական կողմը պատրաստ է անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրել քաղաքային տրանսպորտի աշխատանքների բարելավման, ինչպես նաեւ աղբահանության գործում:

 «Մշակույթի ոլորտը նույնպես կլինի մեր համագործակցության կենտրոնում: Դերասան եւ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը, ով աշխատում է ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում, այս ոլորտում լավագույն դեսպանը կլինի», - ասաց նա:

«Ես կցանկանայի, որ տաղանդավոր հայ երիտասարդությունը հնարավորություն ունենար Ֆրանսիա այցելել եւ հատուկ ծրագրի շրջանակում զարգացնել իր տաղանդները», - հավելեց Պեկրեսը:

Նշենք, որ Երեւանի եւ Իլ-դե-Ֆրանսի միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար Վալերի Պեկրեսը պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի Ոսկե մեդալով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ