News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 17
Տեսնել լրահոսը


Կենդանաբանական այգու տնօրենի փոփոխության պահանջով բողոքի ակցիա են անում մարդիկ, որոնք ժամանակին կենդանաբանական այգին օգտագործում էին սեւ շուկայում ձեռք բերված կենդանիների թղթաբանությունը մաքրելու, սպիտակեցնելու համար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Նա բողոքի ակցիայի մասնակիցներին մեղադրեց ժամանակին բիզնես շահեր հետապնդելու մեջ։ Ասաց, որ այգին որպես ցատկահարթակ օգտագործել են՝ սեւ շուկայից ձեռք բերված կենդանիները այլ երկրներ ուղարկելու համար։

Աշխատակիցներից՝ Կարեն Մարտիրոսյանին նա մեղադրեց, առանց տնօրինության թույլտվության, այգու տարածքում բիզնես գործունեություն ծավալելու համար։

Ռուբեն Խաչատրյանն ասաց, որ 2015 թ–ից ի վեր տնօրենին փոխելու ալիք է բարձրանում, որի ետեւում տարբեր մարդիկ են՝ նախկին, ներկա աշխատակիցներ. «Մարդիկ, ովքեր իրենց կոչում են կենդանասերներ, կենդանիների առեւտրով զբաղվողներ են։ Սա ավելի խոր արմատներ ունի։ Իրավապահ մարմինները պետք է սա ընդունեն որպես հաղորդագրություն, բոլոր կետերով դիմելու եմ որպես զրպարտւոյթուն»։

Նա ասաց, որ 70 հոգանոց աշխատակազմից բողոքի ակցիային մասնակցում են 4– 5 հոգի։

Ռուբեն Խաչատրյանը հերքեց Կենդանաբանական այգու եւ իր ղեկավարած Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գործունեությունը ի վնաս այգու փոխկապակցելու մեղադրանքը։  

Ասաց, որ 2011 թ–ից ի վեր հիմնադրամի աշխատանքի շնորհիվ Երեւանի կենդանաբանական այգուն են նվիրաբերվել 200 միլիոն դրամի ծառայություն, ապրանք եւ  գումար։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Երեւանի կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիա են իրականացրել այգու նախկին եւ ներկա աշխատակիցները։

Նրանք պահանջել են կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը, քանի որ նրանց պնդմամբ՝ Խաչատրյանը կենդանասեր չէ եւ այգին դիտարկում է որպես բիզնեսի աղբյուր։

Ցուցարարների ձեռքին «Ռուբեն, հեռացիր», «Ոչ կենդանիների ոչնչացմանը» գրությամբ պաստառներ էին։

Տպել
Ամենաշատ
Partner news