News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 17
Տեսնել լրահոսը


Նոր իշխանություններն այս կարճ ժամանակում ցույց են տվել, որ կոռուպցիայի դեմ կռիվ են տալիս, որ օրինականության հաստատմանն է ուղղված գործունեությունը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19–ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով առաջիկա արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի հնարավորություններին։

«Քաղաքացին իր գնահատականը կտա։ Բնականաբար, ամեն ընտրություն իր տրամաբանությունն ունի։ Բնականաբար, դժգոհողներ կան, որ պահին դժգոհողներ չլինեն, նշանակում է՝ մի բան այն չէ։ Մենք էլ այդ դժգոհությունները աչքի տակ առնում ենք։ Ես ինքս իմ գործունեության հետ կապված լսում եմ քննադատությունները, հրավիրում եմ նաեւ Վերահսկողական ծառայության շենք, քննարկում եմ, ովքեր տրամաբանական քննադատության են ենթարկում, լսում եմ անպայման, ու նաեւ դասեր եմ քաղում»,– ասաց Սանասարյանը։

Անդրադառնալով մինչև այժմ ծառայության կողմից արված բացահայտումներին՝ Սանասարյանն ասաց, որ մոտ 1մլն 200 հազարի դոլար արդեն մուտքագրվել է պետբյուջե։ Գործընթացը շարունակվում է, տարբեր մարմինների ժամանակացույց է սահմանվում եւ վերադարձնում են գումարները։

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ նրա եղբոր ընտանիքին պատկանող այգիներում ապօրինի ջրօգտագործման գործով, քննությունը շարունակվում է։

«ՋՕ–ի մասին հավանաբար հինգշաբթի կասեմ։ Շուրջ 15 տարի դա տեղի է ունեցել, հիմա քննությունը շարունակվում է, այդ մասին իրավապահ մարմինները կտեղեկացնեն։ Այլ չարաշահումներ ու յուրացումներ էլ կան Արտաշատի ՋՕ–ում, որի մասին հինգշաբթի կխոսեմ։ Եկեք մանրամասները չասեմ, քրեական գործ է հարուցված»,– ասաց նա։

Սանասարյանը նաև տեղեկացրեց, որ Գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտորն արդեն վերադարձրել է 350 մլն դրամի չափով հայտնաբերված չարաշահումներից 50 միլիոնը. «Ժամանակացույցը սահմանված է, տարվա վերջ ու եկող տարվա սկիզբ կվերջացնի»։

Թիվ 4 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Սանասարյանը մի քանի օրից արձակուրդ է վերցնելու, որպեսզի «քայլի ու հնարավորինս շատ քաղաքացիների հանդիպի»։ «Իմ քայլի» նախընտրական ցուցակը Սանասարյանն անվանեց «հավակնոտ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news