News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հանրապետական խմբակցության պատգամավոր, նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը կարծում է, որ հաջորդ պառլամենտը եւս ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսման հարցին կանդրադառնա։

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նա, մասնավորապես, ասաց. «Հաջորդ պառլամենտը եւս այս խնդրին կանդրադառնա, որովհետեւ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսման հարցը իրականում ազգային անվտանգության խնդիր է եւ պայմանավորված չէ կուսակցական եւ քաղաքական շահերով կամ նպատակահարմարությամբ, դա բացառապես պետական անվտանգության հարց է։ Ես համոզված եմ, որ հաջորդ պառլամենտում եւս կստեղծվի Քննիչ հանձնաժողով, որպեսզի այս հարցերին  կարողանան տալ սպառիչ պատասխան»:

Կոստանյանը շեշտեց՝ այս հարցում առկա է նաեւ դատարանների անկախության հետ կապված մտահոգություններ. «Բացի այդ, քանի որ հարցը վերաբերում է նաեւ դատարանի գործունեության միջամտության հնարավոր դրսեւորումներին, ես վստահ եմ, որ անկախ նրանից, թե որ ուժերը ներգրավված կլինեն պառլամենտում, այդ ուժերը եւս շահագրգռված են լինելու, որպեսզի հստակ պատկերացում ունենան՝ արդյոք մեր երկրում դատարանների անկախության միջամտության հնարավորություններն առկա են»։

Պատգամավորը պարզաբանեց՝ Քննիչ անձնաժողովը ֆորմալ տեսանկյունից դեռեւս լուծարված չի եւ լիազորությունները շարունակվում են նախքան այս խորհրդարանի լուծարումը, իսկ նիստեր չեն գումարվում, քանի որ քվերում չկա. «Բայց խնդիրը նրանում է, որ նկատի ունենալով, որ քվորում չի ապահովվում, իսկ դրա համար հանձնաժողովի վեց անդամ առնվազն պետք է ներկա լինեն նիստերին: Բայց հանձնաժողովի 12 անդաներից առնվազն 10-ը ներգրավված են ընտրական գործընթացներում, այդ թվում՝ ռեյթինգայինով առաջադրված են, ուստի նրանց մասնակցությունը գործնականում անհնար է»:

Կոստանյանը օբյեկտիվ է համարում նրանց բացակայությունը, նշում է՝ ճիշտ է, նախընտրական քարոզչությունը չի սկսվել, բայց նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում այդ պատգամավորները, բայց նաւ շեշտում է՝  ինքը մենակ ոչինչ չի կարող անել։ «Պարզ է, եթե քվորում չկա, ես մենակ որեւէ բան չեմ կարող անել»,–նշում է պատգամավորը։

Նախկին դատախազը, սակայն, հայտնեց՝ ձեռք չեն բերել բավարարար չափով տեղեկություններ ու փաստեր, որպեսզի վերջնական եզրակացություն անեն:

Նշենք, որ ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ուսումնասիրության նպատակով։

ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը՝ ամբողջությամբ

Տպել
Ամենաշատ