Մշակույթի նախարարը իրավասություն չունի իր որոշմամբ բալետի մենապարող Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը Օպերայի եւ Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնում կազմակերպելը թույլատրելու համար: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց Մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը:
Նա, վկայակոչելով կառավարության 2006 թ. համապատասխան որոշումը, նշեց, որ հրաժեշտի եւ թաղման ծիսակատարությունները կազմակերպվում են սահմանված ընթացակակարգով՝ կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովի որոշմամբ:
«Վահագն Մարգարյանի մտերիմները երեկ երեկոյան՝ աշխատանքային օրվա ավարտից հետո են դիմել մեզ եւ ընդամենը մի քանի ժամում հնարավոր չէր կազմակերպել Մարգարյանի վերջին հրաժեշտը»,-ասաց նա:
Ավելի վաղ Մարգարյանի ընկեր Գեղամ Շերոյանը NEWS.am–ին հայտնել էր, որ
ՀՀ մշակույթի նախարարությունը մերժել է Օպերայի եւ Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի բալետի մենապարող 23–ամյա Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը Օպերայում կազմակերպելու Մարգարյանի հարազատների խնդրանքը։
Նշենք, որ Վահագն Մարգարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 21–ին ժամը 18։00-ին Արմավիրի մարզի Ապագա գյուղում, իսկ հուղարկավորությունը հաջորդ օրը ժամը 14։00-ին գ. Ապագա, 7-րդ փող. 12 տնից։
Վահագն Մարգարյանը մահացել է նոյեմբերի 20–ին Հերացի թիվ 1 բժշակական կենտրոնում։ Մարգարյանը միջազգային մրցույթների հաղթող էր, մրցանակակիր: Նա Հայաստանը ներկայացրել է նաեւ «Պատանի պարողների Եվրատեսիլ» մրցույթում։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 6–ին ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Աշտարակ ճանապարհի 4-րդ կ/մ-ին բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «Օպել»-ի վարորդը եւ չորս ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Այդ մեքենայի մեջ նաեւ Վահագն Մարգարյանն է եղել։





























