News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի  հասցեին Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի արած արտահայտությունների վերաբերյալ տեսագրությունը օր օրի լայն տարածում է ստանում՝ էլ ավելի արատավորելով գեներալի պատիվն ու արժանապատվությունը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Յուրի Խաչատուրովի ներկայացուցիչ, փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը։

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 21–ին, Երևանի ընդհանուր իրավասության  դատարանում, դատավոր Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ պետք է մեկնարկեր Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի գործով առաջին դատական նիստը։ Սակայն այսօր կողմերից դատարան էր ներկայացել միայն Խաչատուրովի ներկայացուցիչ Գրիգոր Բեքմեզյանը։ Նա դատարանին ներկայացրեց 2018-ի հուլիսի 30–ին Ա1+ հեռուստաընկերությունում հրապարակված հարցազրույցի տեսագրության դիտողականության վերաբերյալ փաստաթուղթ, ինչպես նաև հերքման տեքստի նախընտրելի տարբերակը։ Նախագահող դատավորը տեղեկացրեց, որ հայցվորի ներկայացրած փաստաթղթերը կտրամադրվեն պատասխանողին։ Ստեփան Գրիգորյանի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը դիմել էր դատարանին՝ խնդրելով հետաձգել այսօրվա դատական նիստը։ Այսպիսով, դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց  հունվարի 30–ին։

Նշենք, որ Յուրի Խաչատուրովը 2018թ. Օգոստոսի 10-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝  Ստեփան Գրիգորյանի կողմից իր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջներով։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն իր հարցազրույցներից մեկում խոսել էր 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի մասին՝ ասելով, թե որոշ գեներալներ չեն եղել իրենց տեղում, կարճ ժամանակում չեն եկել աշխատավայր, ինչպես նաև՝ մեղադրանքներ էր հնչեցրել, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին որոշ տարածքներ վաճառվել են ՀՀ գեներալների՝ այդ թվում Յուրի Խաչատուրովի կողմից:

Գրիգոր Բեքմեզյանի խոսքով՝ Գրիգորյանի կողմից Խաչատուրովի վերաբերյալ ներկայացված տվյալները չեն համապատասխանում իրականությանը, մեղադրում են Յուրի Խաչատուրովին ծանր հանցագործություն կատարելու մեջ՝ դրանով իսկ արատավորելով նրա պատիվն ու արժանապատվությունը։

 Հարցազրույցում արված արտահայտություններից մեկում, ըստ հայցվորի ներկայացուցչի՝ Գրիգորյանը Խաչատուրովին ուղղակի մեղադրում է տարածքներ հանձնելու, այսինքն՝ դավաճանության համար։

Հրապարակված հարցազրույցում Գրիգորյանը մասնավորապես ասել էր.

«Տարածքներ հանձնելը լուրջ բան է։ Բոլորին պետք է ստուգել, ու ես առաջարկել եմ ԱԱԾ–ին բաց, հրապարակային ու հիմա էլ առաջարկում եմ ստուգել Խաչատուրովի հաշիվներն ու հարազատների հաշիվները վերջին ժամանակներում, քանի որ միամիտ չկա, հասկանում եք, թող չմտածեն մենք իդեոտ ենք, դուռակ ենք, չենք հասկանում, որ տարածքներ ձրի չեն հանձնում, տարածքները հանձված էին 2016 թվին...»։

Ըստ Բեքմեզյանի՝ այս արտահայտությամբ պատասխանողը փաստում է, որ տարածքները (հեղ. նկատի ունի 800 հա տարածքը) հանձնված են, այն էլ՝ գումարի դիմաց։

«Այս կերպ Գրիգորյանը Խաչատուրովին մեղադրում է ԼՂՀ ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքները թշնամուն հանձնելու համար։ Կոպիտ ասած, պատասխանողը հայցվորին մեղադրում է պետական դավաճանության մեջ»,-ասաց Բեքմեզյանը։

Դիտարկմանը, թե նախկինում Խաչատուրովի հասցեին բազմաթիվ այլ հրապարակային արտահայտություններ են արվել՝ այդ թվում համացանցում, փաստաբանը պատասխանեց.

«Խաչատուրովը, հաշվի առնելով իր անձը, արհամարհել է այդ հրապարակումները, բացի այդ՝ հրապարակումները հիմնականում եղել են կեղծ էջերով, ինչի պարագայում դժվար էր գտնել զրպարտության  հեղինակին և կանչել պատասխանատվության։ Այս դեպքում զրպարտություն արվել է կոնկրետ անձի կողմից, հասցեական, ընդ որում՝ միայն Խաչատուրովի մասին չի արվել․ խոսվում է բանակի, գեներալների, բանակի բարձրագույն ղեկավարության մասին»։

Նրա գնահատմամբ՝ հարցազրույցում Գրիգորյանը  Խաչատուրովի անձով՝ զրպարտում  է բանակին։

Նշենք, որ Խաչատուրովը, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում Գրիգորյանից պահանջել է 2 մլն դրամ։

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել է նոյեմբերի 2-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ