News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են խորհրդի լրատվական ծառայությունից։

Նոր ձևավորված հանձնաժողովի այսօրվա նիստում, որին մասնակցել են 80-ից ավելի անդամներ, հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել հանձնաժողովի 3 անդամ։ Մասնակիցների գերակշիռ մեծամասնությունը քվեարկել է Վազգեն Սաֆարյանի օգտին։

Նա ելույթում ներկայացրել է Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախորդ տարիների գործունեությունը, որտեղ մեծ ուշադրություն է դարձվել հատկապես արդյունաբերության ոլորտի խնդիրներին, էներգետիկ ոլորտին, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, քաղավիացիայի խնդիրներին, հարկային համակարգին, պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանման անհրաժեշտությանը և այլն։

Սաֆարյանը կարևորել է ՀՀ կառավարության և պետական կառույցների հետ համագործակցության հաջողված օրինակները և հույս հայտնել, որ ապագայում այդ համագործակցությունն առավել արդյունավետ կլինի։

Նիստը նախագահել է Վազգեն Մանուկյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեցին Հանրային խորհրդի առաջին 15 անդամները, որից հետո՝ հոկտեմբերի 9-ին, սկսվեց Հանրային խորհրդի 15 հանձնաժողովների ձևավորման գործընթացը։ Հանրային խորհուրդը հայտարարությամբ դիմեց հասարակության լայն շերտերին՝ ներգրավվելու ՀԽ հանձնաժողովների աշխատանքներում:

Հանձնաժողովների նախագահների ընտրությունից հետո նորընտիր նախագահների կազմը ներկայացվում է ՀՀ վարչապետին Հանրային խորհրդի անդամ նշանակելու համար: Այդպիսով, Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմը համալրվում է հաջորդ 15 անդամով, որից հետո 30 անդամներից յուրաքանչյուրը, նպատակ ունենալով ապահովել հասարակության տարբեր ոլորտների մասնագետների լայն ներկայացվածությունը Հանրային խորհրդում, առաջադրում են թեկնածուներ և փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում ՀԽ հաջորդ 15 անդամներին՝ ամբողջացնելով Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմը։

Տպել
Ամենաշատ