News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գորիսը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է հռչակվել: 

«ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի կանոնակարգի համաձայն, ԱՊՀ մշակութային մայրաքաղաք են հռչակվում երկրի մայրաքաղաք չհանդիսացող քաղաքները՝ տվյալ երկրի առաջարկով: 

Հայաստանի Հանրապետությունը դեռևս 2016 թվականի դեկտեմբերի 5-ին ԱՊՀ գործադիր կոմիտեին էր ներկայացրել առաջարկություն՝  Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ, որը համապատասխան ընթացակարգ անցնելով, 2017-ի հոկտեմբերի 11-ին, ԱՊՀ երկրների պետությունների ղեկավարների՝ Սոչիում կայացած խորհրդի նիստի ժամանակ հաստատվել էր:

«Մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի նպատակն է նպաստել ԱՊՀ երկրներում ապակենտրոնացման քաղաքականությանը, մասնակից երկրների միջմշակութային կապերի խորացմանը և ընտրված քաղաքների մշակութային, սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը:  

«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի կազմակերպիչն է ՀՀ մշակույթի նախարարությունը: Ծրագրի գործընկերներն են՝ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, Սյունիքի մարզպետարանը, Գորիսի համայնքապետարանը, «Արդշինբանկը»:

«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի հանդիսավոր բացման արարողությունը և մեկնարկի միջոցառումները տրվեցին հուլիսի 7-ին և 8-ին։ ԱՊՀ երկրներից Գորիս էին ժամանել պաշտոնական պատվիրակություններ, մշակութային և ստեղծագործական մտավորականության շուրջ 150 ներկայացուցիչ: Քաղաքի բնակիչներին և հյուրերին ներկայացվեց բազմաբովանդակ ծրագիր՝ հագեցած հետաքրքիր և հիշարժան միջոցառումներով, որի ընթացքում Գորիսի մշակույթը մատուցվեց իր առանձնահատկություններով: Բացման արարողությանը և մեկնարկի միջոցառումներին հաջորդեցին մի շարք կարևոր և հետաքրքիր միջոցառումներ ևս. հուլիսի 27-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Գորիսը՝ 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրին նվիրված նամականիշը, որը թողակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և «Հայփոստի» կողմից: Հուլիսի 27-ին Գորիս քաղաքում տեղի ունեցավ Սաթյանների կոմպոզիտորական երաժշտական ընտանիքին  նվիրված համերգ. հանդիսատեսին հնարավորություն ընձեռվեց ունկնդրելու Սաթյանների երաժշտական ընտանիքի երեք վառ ներկայացուցիչների՝ Աշոտ Սաթյանի, Արամ Սաթունցի, Արամ Սաթյանի հայտնի ստեղծագործությունները: Սեպտեմբերի 29-ին, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան  դրամատիկական թատրոնում հանդես եկավ Օրսկի /Ռուսաստանի Դաշնություն/ Ա. Ս. Պուշկինի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ «Անիրական սեր» ներկայացումով: Հոկտեմբերի 18-19-ին, Գորիսում անցկացվեց «Վարպետների մոլորակ» խորագրով ձեռարվեստի միջազգային փառատոնը, որի ընթացքում հյուրերը և մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու Սյունյաց հինավուրց դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներին, դրանց արդի դրսևորումներին: Փառատոնին մասնակցող վարպետները ցուցադրեցին իրենց մասնագիտական հմտությունները, անցկացրեցին վարպետության դասեր: Հոկտեմբերի 18-ին, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ ֆրանսիացի ժամանակակից գրող Յասմինա Ղեզայի «Սպանդի Աստվածը» համանուն պիեսի առաջնախաղը, որին հաջորդեցին «Սաթե-Աթղը» թատերական միության և ֆրանսիացի գործընկերների կազմակերպած վարպետության դասերը և գրական ընթերցումները:

«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի փակման արարողությունն ու եզրափակիչ միջոցառումները տեղի կունենա նոյեմբերի 23-ին: ԱՊՀ երկրներից Գորիս կժամանեն պաշտոնական պատվիրակություններ, մշակութային և ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներ:

Ծրագրի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, որի համար հարթակ է ընտրվել Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տարածքը: Այստեղ կբացվի «Գորիս՝ ավանդական ու ստեղծարար իմ քաղաք» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, այնուհետև՝ կկայանա  մրցանակների հանձնման արարողություն: ԱՊՀ երկրների ժողովուրդների երաժշտության ներքո տեղի կունենա «Բրեյք դանս շոու»: Հաջորդիվ տեղի կունենան «Գորիսը` 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ամփոփիչ ֆիլմի դիտումը և «Համագործակցության դեբյուտներ» 2018 թ. մրցանակաբաշխության արարողությունը: Փակման ծրագիրը կեզրափակվի ԱՊՀ էստրադային կատարողների համերգով:

«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի փակման միջոցառումներին կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնկատար Լիլիթ Մակունցը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը, նախարարության աշխատակիցներ, ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, արվեստագետներ, հյուրեր և այլք:   

«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի  պաշտոնական արարողության և մեկնարկի միջոցառումները՝ հետևյալ հղումով:

Տպել
Ամենաշատ