Մենք ոչ սեւ ենք, ոչ սպիտակ, մենք ՕԵԿ ենք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
Նշենք, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն իր քարոզարշավը մեկնարկեց Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում մոմ վառելով: ՕԵԿ նախագահ, կուսակցության ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը նախ կոչ արեց բոլորին վառել «հաջողության» մոմեր:
«Այսօրվա այս մոմավառությունը հենց այն նպատակը ունի, որ մենք ազգովի միշտ պետք է ամուր կառչած մնանք մեր ակունքներից»,-ասաց նա:
Արթուր Բաղդասարյանը մտահոգություն հայտնեց, որ հայ ազգային արժեքների նկատմամբ, հայոց եկեղեցու նկատմամբ ոտնձգություն է կատարվում. «Մենք՝ որպես բազմադարյա քրիստոնեական ազգ, ժողովուրդ, հասարակություն, մշտապես պետք է ամուր կառչած մնանք մեր արժեքներից: Այսօրվա խորհուրդը հենց դա է. մենք ուզում ենք սկսել մեր քարոզարշավը՝ ասելով, որ ՕԵԿ-ն ամուր կառչած է մեր ազգային արժեքներից»,-ասաց նա՝ կոչ անելով թույլ չտալ, որօտար, անընդունելի բարքերը սողոսկեն հայ ընտանիքներ:
Նա խոսեց նաեւ ՕԵԿ-ի մասին՝ նշելով. «Աշխարհում կան լիքը գույներ, սիրենք աշխարհը, սիրեք գույները, սիրեք երկիրը: Մեր կարգախոսը լինելու է շիտակ քաղաքական պայմաններում արժանանալ ժողովրդի վստահության քվեին: Տեղի է ունեցել, հեղափոխություն, 8 ամիս անցել է: 8 ամսում 30 տարվա խնդիրները լուծել հնարավոր չէ, բայց հնարավոր է ցույց տալ, թե ինչպես պետք է Հայաստանը զարգանա: Մենք այսօր չենք տեսնում այդ տեսլականը, դրա համար էլ մասնակցում ենք ընտրություններին, ներկայացնում ենք ժողովրդին»:
Դիտարկմանը, թե շատերը նշում են, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամանակից շուտ է սկսել քարոզարշավը, Արթուր Բաղդասարյանն ասաց, որ չի ցանկանում քննադատությամբ սկսել քարոզարշավը. «Ինչ եղել-եղել է: Մենք քարոզարշավը կազմակերպելու ենք Երեւանում, մարզերում, նաեւ տարբեր սոցիալական խմբերի հետ»,-ասաց նա՝ հավելելով. «Գնացեք մոմ վառեք, խաղաղություն ձեր օջախներին եւ ամենայն բարիք»:











