Վերջերս բացահայտված սերժական Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, թե մեր իշխանությունը եկել է, որ Ղարաբաղը հանձնի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, Ստեփանավան քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«Ես չեմ ուզում որեւէ էմոցիոնալ հայտարարություն անեմ, որովհետեւ Դավիթ Շահնազայնան ու ՀՀԿ-ն որեւէ էմոցիա չեն շարժում: Բայց ես ուզում եմ՝ այդ հարցի պատասխանը ստանանք փաստերի վրա հենվելով: Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ով ասել է՝ Հայաստանի ոչ մի ղեկավար կամ իշխանություն չի կարող լուծել Ղարաբաղի հարցը, որովհետեւ այդ հարցը լուծողը ժողովուրդն է: Եթե կլինի Ղարաբաղի հարցի լուծման այնպիսի առաջարկ, որն իմ կարծիքով, ընդունելի կլինի մեր ժողովրդի համար, ես կգամ եւ այդ առաջարկը կներկայացնեմ ժողովրդին, եւ ժողովուրդը կորոշի՝ ընդունել այդ առաջարկը, թե ոչ: Սա երաշխիքն է, որ որեւէ իշխանություն, ուզենա էլ չի կարող իրականացնել այն, ինչ կա ՀՀԿ-ականների մտքում:

Երկրորդ, ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որ Ղարաբաղի բանակցային գործընթացում հստակ հայտարարել եմ, որ կարող եմ հանդես գալ ՀՀ-ի անունից, բայց չեմ բանակցում Ղարաբաղի եւ Ղարաբաղի ժողովրդի անունից, որ Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումը կարող է ներկայացնել միայն Արցախի իշխանությունը:

Կար դիրքորոշում, որ Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումը հարցի լուծման համար կարեւոր է լինելու: Ես ասում եմ՝ ոչ, կարեւոր չի լինելու, վճռական է լինելու, որովհետեւ Արցախի ժողովուրդն է առաջին հերթին Արցախի հարցի լուծողը:

Երրորդ, վերջերս Արցախ այցելության ժամանակ հրավիրել եմ Արցախի ղեկավարությանը Զինված ուժերի ողջ հրամկազմին, քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին եւ բոլոր մանրամասներով ներկայացրել եմ Արցախի խնդրի լուծման իմ դիրքորոշումները եւ բանակցային գործընթացի բոլոր մանրամասնությունները: Ես հայտարարել եմ, որ չեմ ընդունում, այդ թվում այն ժամանակ Դավիթ Շահնազարյանենց այն տեսակետը, որ Ղարաբաղի հարցին փորձագետի մակարդակով պետք է տիրապետի 5,6,7 հոգի: Ես ասել եմ՝ որքան շատ մարդ տիրապետի այդ գործընթացին, այնքան լավ մեզ համար: Հետո ես հարցրել եմ՝ թե նախկինում այսպիսի հանդիպում եղե՞լ է, որ Հայաստանի ղեկավարը գա ու Ղարաբաղի ղեկավարությանը պատմի բանակցային գործընթացի մանրամասները, թե ինչ է խոսացվել ու ինչ մտադրություններ կան: Նրանք ասել են, որ նախկինում այդպիսի բան չի եղել»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ զարմանալի է, որ միջազգային ներկայացուցիչները գալիս հարցնում են, թե արդյոք Հայաստանը պատրաստ է փոխզիջումների. «Ես ասել եմ՝ մենք հրաժարվում ենք պատասխանել այդ հարցին, քանի դեռ այդ միջազգային հանրությունը Ադրբեջանին այդ հարցը չի տալիս: Երբ Ադրբեջանին այդ հարցը կտաք ու պատասխանը կստանաք, նոր կգաք մեզ կհարցնեք:

ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի այս հայտարարությունից դեռ շատ առաջ ես հայտարարել եմ, որ մեր կառավարությունը Ղարաբաղի հարցն ուզում է լուծել այնպես, ինչպես ուզում է ձեզնից յուրաքանչյուրը: Եթե այսքանից հետո ՀՀԿ-ն ասում է, որ մեր կառավարությունն ուզում է Ղարաբաղի հանձնել, ուրեմն ՀՀԿ-ն ժողովրդին մեղադրում է, որ ժողովուրդն ուզում է Ղարաբաղը հանձնել:

Ու սա ասում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, ով իմ խորին համոզմամբ, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ վարել է Ղարաբաղը հանձնելու քաղաքականություն»:

Վարչապետի պաշտոնակատարը նկատեց, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը Վազգեն Սարգսյանից ստացել են մի բանակ, որը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն էր. «Ռոբերտ Քոչարյանի եւ առավել եւս Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին որեւէ մեկը լսե՞լ է, որ ՀՀ որեւէ իշխանության ներկայացուցիչ ասի, որ ՀՀ զինված ուժերը տարածաշրջանում ամենամարտունակն են: Չեն ասել, որովհետեւ Սերժ Սարգսյանը 2016-ին հայտարարեց, որ մեր բանակը կռվում է 1980-ականների զենքերով: Սա դավաճանության արդյունք է: Ինչու պետք է Սերժ Սարգսյանի եղբայրը լինի միլիոնատեր, իսկ մեր բանակը կռվի 90-ականների զենքերով: Ինչու պետք է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը 100 մլն դոլարներ ունեն, իսկ մեր բանակը կռվի 80-ականների զենքերով: Ինչու պետք է ՊԵԿ-ի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքը միլիոնատեր լինի, իսկ մեր բանակը կռվի 80-ականների զենքերով»,-հայտարարեց Փաշինյանը: