Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությանը դատախազության ներկայացուցիչներից ամենաակտիվը գլխավոր դատախազն էր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Նշենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը ներկա էր նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ինչն աննախադեպ երևույթ է հայաստանյան դատական պրակտիկայում։

Հարցին, արդյոք բողոքի քննությանը գլխավոր դատախազի մասնակցությունը մտահոգության տեղիք տալի՞ս է, Ալումյանը պատասխանեց.

«Իհարկե մի դատախազին մրցակից տեսնելն ավելի հեշտ է , քան վեց դատախազ, որից մեկը գլխավոր դատախազն է»։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը կշարունակվի վաղը՝ նոյեմբերի 28–ին։ Այսօրվա նիստին պաշտպանական կողմը մտադիր էր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել նախագահող դատավոր Ռուբեն Մխիթարյանին, ինչի համար ժամանակ խնդրեց դատարանից։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունն ու վերացրել առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանին կալանավորելու որոշումը՝ հաշվի առնելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է: Նա ազատ էր արձակվել դատարանի դահլիճից։ Այս որոշումը բողոքարկել էր թե գլխավոր դատախազությունը, թե պաշտպանական կողմը: Վերջիններս համարում էին, որ այլ հիմքեր եւս կան Քոչարյանին ազատ արձակելու համար:

Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության: