Ես ՀՀԿ-ի ներկայացուցիչների, շտաբի, հարակից փոխկապակցված անձանց, ինստիտուտների հայտարարությունները վաղուց ադեկվատ չեմ համարում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀԿ նախընտրական շտաբը վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր ատելության խոսք տարածելու մեջ:

Արարատ Միրզոյանը նշեց, որ որեւէ հիմք չունեն ՀՀԿ-ի մեղադրանքները, թե իշխանություններն քարոզարշավի անհավասար պայմաններ են ստեղծում. «Եթե ունեն հիմք, թող դիմեն համապատասխան ընթացակարգերով, համապատասխան մարմիններին:

Ատելության խոսքը, ատելության քարոզը շատ հստակ սահմանում ունի, նույնիսկ միջազգային սահմանում ունի, ամբողջ աշխարհում ընդունված ընկալում ունի: Այն, ինչ իրենք նկատի ունեն, դա ատելության խոսք չէ: Իհարկե, նախընտրական քարոզարշավները հենց նրա համար են, որպեսզի լինի մրցակցություն, եւ սեփական դրական կողմերի, առավելությունների մատնանշում ընտրողների աչքի առջեւ, եւ նաեւ, ինչու ոչ, մրցակիցների թերությունների մատնանշում:

Ես կարող եմ ավելի առարկայական ասել. բնականաբար, վարչապետը, ես, մեր մյուս թիմակիցները շատ մեծ վերապահումներ ունենք ՀՀԿ-ի եւ նրա ներկայացուցիչների նկատմամբ: Ի վերջո, չմոռանանք, որ մենք ստանդարտ պրոցեսով չենք անցնում, հեղափոխություն է եղել: Ժողովուրդն այդ մարդկանց հեռացրել է հեղափոխությամբ: Համենայնդեպս, իրենց ընկալման մեջ, նաեւ ապացուցված որոշակի քրեական գործերով, այդ կուսակցության ներկայացուցիչները հանցանք են գործել մեր հասարակության նկատմամբ: Այսինքն ի՞նչ, հավաքվենք, ասենք, դե 7 ամիս անցել է, նրանք էլ են սովորական քաղաքական ուժ, մյուսներն էլ, մենք էլ: Տենց չի չէ՞:

ՀՀԿ-ն մեղավոր է բոլոր վատ երեւույթների համար, որոնցում մենք հիմա ապրում ենք»,-հայտարարեց Արարատ Միրզոյանը:

Նա ընդգծեց, որ ՀՀԿ-ն ընտրություններից մասնակցող 11 ուժերից մեկը չէ միայն. «Նրանք մի ուժ են, որը քաշել է Հայաստանը եւ փորձել է շարունակաբար քաշել միջնադարյան, ֆեոդալական համակարգի մեջ եւ բոլորիս տանել դեպի խավար: Նրանք ուրիշ են, եւ դա անընդհատ պետք է երեսներին ասվի, որ հանկարծ մտքներով չանցնի, որ վերջ, հասարակությունը մոռացել է իրենց գործած մեղքերը եւ հանցագործությունները»: