Եկամտային հարկի համահարթեմամբ անապահով խավի ու ցածր աշխատավարձ ստացողների վիճակի բարելավում չի լինելու։ Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է ԱԺ ՀՀԿ–ական փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
Նա շեշտում է՝ չնայած իր ուղիղ եթերը «դուր չէր եկել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, բայց ինքը որոշել է խիզախել եւ իր կարծիքը հայտնել». «Մի քանի օր առաջ, երբ լայվ էի մտել, վարչապետ Փաշինյանի դուրը դա այնքան էլ չէր եկել, բայց այսօր կրկին խիզախել եմ՝ ասֆալտին փռվելու, պատերին ծեփվելու վերահաս վտանգն աչքիս առաջ ունենալով, բայց միեւնույն է, որոշել եմ ներկայացնել իմ դիտարկումները որոշ հարցերի հետ կապված»։
Արփինե Հովհաննիսյանը շեշտում է՝ բարձրանալու է այն 350 հազարի աշխատավարձը, որոնք, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով, «ճռռում է մնացած 800 հազարին պահելու համար».
«Հիշում եք՝ մի քանի օր առաջ վարչապետը ասաց, որ 350.000 անձի աշխատավարձ է բարձրանալու եւ նշեց նաեւ այդ աշխատավարձի բարձրացման աղբյուրը, մասնավորապես, խոսքը եկամտային հարկի իջեցման մասին է, այսինքն՝ եկամտահարկը պետք է դառնա 23 տոկոս։ Բայց իմ խորին համոզմամբ՝ այստեղ կա մեծ շփոթ, որովհետեւ իրականում եկեք տեսնենք՝ ո՞ւմ աշխատավարձն է բարձրանալու եւ ովքե՞ր են, որ մնալու են անտեսված։ Հիշում եք՝ մի քանի օր առաջ վարչապետի պաշտոնակատարը կրկին ասաց, որ 350 հազար աշխատող ճռռում է, որ պահի մյուս 800 հազարին, ովքեր իբր թե աշխատել չեն ցանականում։ Իրականում է հիմա բարձրանալու է հենց այդ 350 հազարի աշխատավարձը»։
ԱԺ ՀՀԿ–ական փոխնախագահը ներկայացրեց դրա մեխանիզմը. «Այսօրվա դրությամբ ունենք մոտ 200.000 քաղաքացիներ, ովքեր ստանում են մինչեւ 150.000 դրամ աշխատավարձ, այդ մարդիկ այսօր վճարում են 23 տոկոս եկամտահարկ, եւ նրանց աշխատավարձը չի բարձրանալու նաեւ այդ փոփոխությունը կատարելուց հետո, որովհետեւ նրանք ինչպես վճարում էին այդ 23 տոկոսը, նույնկերպ էլ շարունակելու են վճարել։ Իրենց մոտ ոչ մի բարելավում տեղի չի ունենալու։ Իսկ ո՞ւմ մոտ է տեղի ունենալու բարելավում։ Իրականում դա տեղի է ունենալու 150.000-2.000.000 դրամ աշխատավարձ ստացողների մոտ, որոնք այսօր վճարում են 28 տոկոս եկամտահարկ եւ փոփոխությունից հետո վճարելու են 23 տոկոս։ Իսկ էլ ավելի լավ վիճակում հայտնվելու են այն քաղաքացիները, ովքեր 2 միլիոն դրամից ավելի բարձր աշխատավարձ են ստանում՝ նրանք հիմա վճարում են 36 տոկոս, կվճարեն 23 տոկոս»,–ընդգծեց նա՝ հավելելով, որ անապահով խավի ու ցածր աշխատավարձ ստացողների վիճակի բարելավում չի լինելու։
«Ընդամենը մի քանի ամիս առաջ իմ ՀՀԿ խմբակցության գործընկերները ներկայացրել էին մի նախագիծ, որը համապատասխանում էր նաեւ մինչեւ իշխանափոխությունը կառավարության դիրքորոշմանը։ Մենք առաջարկում էինք ոչ թե համահարթեցնող մոտեցում, այլ առաջարկում էինք տարբերակված մոտեցում լինի։ Էությունը հետեւյալն էր, որ, եթե մարդիկ ստանում են մինչեւ 500.000 աշխատավարձ, ապա ճիշտ է վճարեն 20 տոկոս եկամտահարկ եւ այդ դեպքում կզգային բարենպաստ ազդեցությունը, իսկ եթե կես միլիոնից ավելի էին ստանում, ապա եկամտահարկը, ըստ մեր առաջարկի, պետք է լիներ 25 տոկոս»,–նշում է Արփինե Հովհաննիսյանը՝ ափսոսանք հայտնելով, որ կառավարությունը նախընտրեց 23 տոկոսով իջեցնել եկամտահարկը, այսինքն՝ այսօրվա նվազագույն շեմը պահպանել եւ արդյունքում 200.000 անապահովներ աշխատավարձի բարձրացում չեն ունենալու։
ԱԺ փոխխոսնակը վստահ է՝ ՊԵԿ-ն խնդիր ունի հարկային հավաքագրման հետ. «Սրա պատճառն այն է, որ, թեեւ հայտարարվում է աննախադեպ հարկային հավաքագրման մասին, բայց դա իրականությանը չի համապատասխանում, ՊԵԿ-ն խնդիր ունի հարկային հավաքագրման հետ, եւ դա է պատճառը, որ չեն կարողանում 25 եւ 20 տոկոս դարձնել եկամտահարկը եւ դրա համար էլ մտածել են համատարած հայտարարագրման թեման, որքան էլ վարչապետը, կառավարությունը եւ ՊԵԿ ղեկավարը հերքեն, որ այդպիսի գաղափար ունեցել են, իրականում չեն հերքել մի կարեւոր սկզբունք՝ եղել է հայտարարագրման գաղափար»։
Հովհաննիսյանը շեշտում է՝ այս քաղաքականությունը ուղղված է ոչ թե սոցիալապես անապահովների վիճակը բարելավելուն, այլ հարմար տեղերից եկամուտները կրճատելու եւ պատրանք ստեղծելու թե իբր ինչ–որ բան փոխվելու է, հակառակ պարագայում ինչի համար է պետք հայտարարագրել 62 տարեկան կամ 19 տարեկան անձի եկամտի հայտարարագիրը, որը ոչ պաշտոնատար անձ է կամ ռիսկային հիմնարկում է աշխատում։











