News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 30-ին G20 երկրների` աշխարհի 20 խոշորգույն տնտեսությունների առաջնորդները Բուենոս Այրեսում հանդիպում են` առևտրի և ներդրումների համաշխարհային հոսքերի շուրջ համաձայնության գալու նպատակով, ինչը բավականին դժվարացել է վերջին ժամանակներում: Արգենտինային այնքան էլ չի հաջողվում ընդհանուր հայտարարի բերել գործընկեր երկրների առաջնորդներին: Այս մասին գրում է The Guardian-ի խմբագիր Ջուլիան Բորգերը: 

Ի սկզբանե համաշխարհային նշանակության այս ֆորումը, հեղինակի խոսքով, այժմ վերածվելէ մի թատերաբեմի, որտեղ ավտորիտար և պոպուլիստ առաջնորդները գալիս են դրամատիկ ելույթներով իրենց ներքաղաքական կողմնակիցների շրջանում դիվիդենտներ հավաքելու: Յուրաքանչյուր անդամ գագաթաժողովին վերաբերվում է որպես շահավետ պոկերի, և կենտրոնացած է մյուսների հաշվին հաղթելու կամ հաղթող երևալու վրա:

Բորգերը գրում է, որ ֆինանսական ճարտարապետության և կայուն գյուղատնտեսության շուրջ քննարկումներ, իհարկե, կլինեն, սակայն այս տարի գլխավոր շեշտը դրված կլինի անկանխատեսելի ելքով երկկողմ բախումների վրա: Ճիշտ է, ընդհանուր գաղափարը հիմնված է փողի վրա, սակայն այս անգամ բազմաթիվ քննարկումներ կլինեն «արյան» շուրջ. չորեքշաբթի առաջինը գագաթաժողովին ժամանել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ իբն Սալմանը, երբ երկու ամիս էլ չի անցել, ինչ նրա մարդիկ Ստամբուլում սպանել և մասնատել էին Սաուդյան Արաբիայի ռեժիմի քննադատ, ԱՄՆ-ում բնակվող սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիին:

Նշվում է, որ մինչ թագաժառանգը սարսափազդու թիկնազորով գտնվում է Արգենտինայում, Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում արգենտինացի մի դատախազ հետաքննում է մարդկության դեմ նրա կատարած հանցանքները: Եվ գուցե հետաքննությունն այնպես չընթանա, ինչպես հարկն է, քանի որ թագաժառանգը երկրի փաստացի ղեկավարն է, սակայն բավարար կլինի, որպեսզի G20-ի ակումբում նրա վարկանիշն ու փայլուն հեղինակությունն անկում ապրեն:

G20-ի մեկ այլ անդամ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ առայժմ հրաժարվում է լռել սպանության մասին և պատրաստվում է կարճատև առանձնազրույց ունենալ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ, որը թագաժառանգի առաջին պաշտպանն է․ Էրդողանի գրասենյակը չի բացառել, որ հանդիպում կարող է տեղի ունենալ նաև հենց թագաժառանգի հետ:

Թրամփը գագաթաժողովի ճանապարհին չեղարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նշանակված հանդիպումը` պատճառաբանոլով, որ Ռուսաստանը չի վերադարձրել Ազովի ծովում շաբաթ օրը բռնազավթած ուկրաինական նավերը: Եվ սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ իր նախագահական քարոզարշավում Կրեմլի ներգրավվածության շուրջ հետաքննությունը իր դեմ է ուղղվում:

Սակայն, հեղինակի խոսքով Պուտինի հետ հանդիպմանը նախատեսվում էր ավարտին հասցնել սպառազինության վերահսկմանն առնչվող հարցերը, որոնք կիսատ են մնացել հուլիսին Հելսինկյան գագաթաժողովում: Թրամփը կարող է հաստատել միջին և փոքր հեռահարության միջուկային հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից դուրս գալու իր որոշումը, իսկ Պուտինը խոստացել է պատասխան միջոցներ ձեռնարկել: Եվ եթե երկու առաջնորդները չերկարաձգեն այդ համաձայնագիրը, ապա աշխարհը մոտ երեք տարում կկանգնի սպառազինության սահմանափակման վերացման վտանգի առջև:

Եվրոպան ներկայացնում են Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, Գերմանիան և Իտալիան, ինչպես նաև ԵՄ-ի ղեկավարությունը, և բացի Իտալիայից` բոլորը հանդես կգան ազատական ժողովրդավարական կառավարման դիրքերից: Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին դժվար թե հաջողվի կայունության ջատագով ներկայանալ` հաշվի առնելով երկրի ներքին քաղաքական քաոսը, ինչի պատճառով Լոնդոնը կարող է նշանակալիորեն զիջել դիրքերը գագաթաժողովում: Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հավանաբար կփորձի մարմնավորել Արևմուտքի առաջնորդի կերպարը, հատկապես երբ կանցլեր Մերկելն իր պաշտոնավարման վերջին ժամկետն է ավարտում:

Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են G20-ի երկրներն ընդհանուր հայտարարի գալ: Թրամփը հունիսին Քվեբեկից հեռանալիս չեղարկել է իր ստորագրությունը G7-ի ընդհանուր հայտարարությունից, նախորդ շաբաթվա վերջին Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի գագաթաժողովը 25 տարվա մեջ առաջին անգամ չկարողացավ հանգել մեկ ընդհանուր պաշտոնական հայտարարության:

«Երբեմնի նվազագույն հայտարարներին այսօր, կարծես, հասնելն անհնար է...»,- գրում է խմբագիրը:

Տպել
Partner news