News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության իշխանությունները չեն վարել եւ չեն վարում բանակցություններ՝ Դիլհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին ազատ արձակելու շուրջ: Այս մասին NEWS.am–ին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահի օգնական Մարատ Գարայանը։

Ինչպե՞ս կմեկնաբանեք Անհայտ կորածների որոնման միջազգային աշխատանքային խմբի (ՄԱԽ) նոյեմբերի 21-ի հայտարարությունն այն մասին, որ ՄԱԽ-ը Բաքվում, Երեւանում եւ Ստեփանակերտում հանդիպումներ է ունեցել պետական հանձնաժողովների հետ, Շուշիում այցելել է Դիլհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին, իսկ Բաքվում՝ Զավեն Կարապետյանին եւ Արսեն Բաղդասարյանին։ Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ ՄԱԽ-ը բանակցություններ է վարում փորձագետների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ քննարկելու գերիների ազատ արձակման հետագա ծրագրերը եւ գերիների ու պատանդների հարցերում արագ արձագանքման նպատակով շփումների հաստատման եւ կարգավորման հնարավորությունը։

Առաջինը, անհրաժեշտ է նշել, որ Դիլհամ Ասկերովը եւ Շահբազ Գուլիեւը, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի համաձայն, չեն հանդիսանում ո՛չ ռազմագերիներ, ո՛չ պատանդներ։ Ադրբեջանի վերոնշյալ քաղաքացիներն ապօրինի մուտք են գործել Արցախի Հանրապետության տարածք եւ իրականացրել մի շարք ծանր եւ առանձնակի ծանր հանցագործություններ, այդ թվում՝ 17–ամյա Սմբատ Ցականյանի առեւանգումն ու սպանությունը, եւ Արցախի Հանրապետության դատարանի դատավճռով կրում են իրենց պատիժը։ Այդ պատճառով Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի հարցը չի մտնում Արցախի Հանրապետության ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի իրավասության մեջ։ Այս դիրքորոշումը փոխանցվել է Միջազգային աշխատանքային խմբին։ Ավելին, ՄԱԽ-ի ներկայացուցիչների՝ Շուշիի քրեակատարողական հիմնարկ այցի եւ վերոնշյալ անձանց հետ հանդիպման կազմակերպմամբ զբաղվում էր ոչ թե Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը, այլ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Կցանկանայի նաեւ ընդգծել, որ Արցախի Հանրապետության իշխանությունները չեն վարել եւ չեն վարում բանակցություններ՝ Դիլհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին ազատ արձակելու շուրջ։ Մեր խորին համոզմամբ՝ չկարգավորված հակամարտությունը չի կարող ծառայել որպես ո՛չ արդարացում, եւ, առավել եւս, թույլտվություն՝ հանցագործությունների իրականացման համար։ Տվյալ անձանց կողմից իրականացված հանցագործություններն արդարացնելու ադրբեջանական իշխանությունների փորձերը եւ միջազգային հանրությանն ուղղված կոչերը՝ աջակցելու նրանց ազատ արձակելու հարցում, ցուցադրում են Ադրբեջանի կողմից Արցախի բնակիչների իրավունքների, այդ թվում՝ կյանքի եւ իրավական պաշտպանության իրավունքների մերժումը։

Միեւնույն ժամանակ, մենք բաց ենք Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աջակցությամբ անհայտ կորածների որոնման վերաբերյալ հարցերի քննարկմանը՝ ցուցակների հստակեցում, թաղման վայրերի հայտնաբերում, մասունքների նույնականացում եւ այլն։ Ադրբեջանական կողմից նմանատիպ հետաքրքրության առկայության դեպքում մենք պատրաստ ենք մասնակցել համապատասխան պետական հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպմանը՝ քննարկելու այդ եւ մարդասիրական բնույթի այլ հարցեր, որոնք մտնում են մեր իրավասության մեջ։

Ինչպե՞ս եք գնահատում ադրբեջանական կողմի ջանքերը՝ հավասարության նշան դնել, մի կողմից Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի, մյուս կողմից ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ պատանդների միջեւ։ Այդ նպատակով ադրբեջանական կողմն անգամ դատ է իրականացնում պատանդների նկատմամբ։

Ադրբեջանի կողմից պատանդ վերցված հայերի նկատմամբ դատական գործերի կեղծմամբ կազմակերպված ֆարսն ակնհայտ սադրանք է, որը կոպտորեն խախտում է Ժնեւյան կոնվենցիաների համապատասխան դրույթները եւ ցուցադրում իր իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների նկատմամբ Բաքվի արհամարհանքի աստիճանը։

Ակնհայտ է, որ դատական գործընթացների հետ կապված այս բոլոր մանիպուլյացիաներն իրականացվել են մեկ նպատակով՝ նախադրյալներ ստեղծել հետագայում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման առաջարկի համար։ Սակայն, ստեղծված պայմաններում նման փոխանակումը կլիներ անհամաչափ, իսկ առաջարկն ինքնին՝ անիրավաչափ։ Ըստ էության, ադրբեջանական կողմն առաջարկում է փոխանակել իրենց մոտ գերության մեջ գտնվող անմեղ հայ պատանդներին հանցագործների հետ, ովքեր Արցախում կրում են իրենց պատիժը՝ ծանր եւ առանձնակի ծանր հանցագործությունների համար։ Անձանց պատանդ վերցնելը՝ հետագայում փոխանակման նպատակով բնորոշ է ահաբեկչական կազմակերպություններին, այլ ոչ թե միջազգային հանրության անդամ երկրին, որը նման հարցերում պետք է առաջնորդվի միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով։

Թե ինչպիսի վտանգ է պարունակում Ադրբեջանի տվյալ քաղաքականությունը, հստակ ցույց են տվել 2016 թվականի ապրիլի իրադարձությունները, երբ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի ընթացքում ադրբեջանական բանակի կողմից իրականացվել են բազմաթիվ ռազմական հանցագործություններ եւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումներ ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ զինծառայողների հանդեպ։ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հրապարակված զեկույցները պարունակում են ադրբեջանական զինծառայողների իրականացրած խոշտանգումների, սպանությունների եւ դիակապտության փաստեր։ Այս վայրագությունները ոչ միայն չեն քննադատվել Ադրբեջանի իշխանությունների կողմից, այլեւ հակառակը՝ ռազմական հանցագործություններ իրականացրած ադրբեջանական զինծառայողներն արժանացել են Ադրբեջանի նախագահի կողմից պարգեւների։

Որպեսզի ադրբեջանական կողմի մոտ անպատժելիության եւ ամենաթողության զգացումը չուժեղանա, մենք կոչ ենք անում երրորդ կողմերին առաջնորդվել «մի վնասիր» սկզբունքով եւ զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են ընկալվել որպես խրախուսում՝ Բաքվի ապակառուցողական գործողությունների, որոնք հակասում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն ՀՀ-ին եւ Ադրբեջանին կոչ է արել վերադառնալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո առարկայական քննարկումներին
Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում սահմանին իրավիճակի ապաԷսկալացման ուղղությամբ անհապաղ քայլեր...
Մոսկվան Բաքվին եւ Երևանին օգնություն է առաջարկել սահմանների սահմանագծման հարցում
«Ռուսաստանը կարող էր միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանագծման հարցերի քննարկման ժամանակ...
ՀԱՊԿ արտգործնախարարները քննարկել են Հայաստանի խնդրանքը Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ
«Մենք քննարկել ենք իրավիճակը Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերություններում...
Բայդենի` ազգային անվտանգության հարցերով խորհրդականը շփվել է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հետ
Ջեյք Սալիվանը «փոխանցել է Միացյալ Նահանգների հանձնառությունը խաղաղությանը, անվտանգությանը եւ բարգավաճմանը Հարավային Կովկասում...
Առավոտյան ադրբեջանցիները շարունակել են հրետակոծությունը, տրվել է համարժեք պատասխան. ՊՆ խոսնակ
Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում…
Հրապարակվել է ՄԻՊ-ի զեկույցը անգլերեն՝ Տավուշի սահմանամերձ գյուղերում փաստահավաք աշխատանքների մասին
Աշխատանքները կատարվել են միջազգային պրակտիկայում ընդունված հատուկ սկզբունքներին համապատասխան...
Ամենաշատ