News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրան կալանավորելու մասին գլխավոր դատախազի միջնորդությունը կքննարկվի դեկտեմբերի 4-ին մեկնարկելիք Ազգային ժողովի հերթական նիստում։

Հաշվի առնելով, որ Հայաստանում բուռն քարոզարշավ է ընթանում, մեծ է հավանականությունը, որ ԱԺ հերթական նիստերը չեն գումարվի, թեեւ այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրապարակավ կոչ է արել բոլոր պատգամավորներին ներկա լինել եւ մասնակցել այդ հարցով քվեարկությանը:

Նշենք, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը սահմանվում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով։

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ.

«Հոդված 108. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը

1. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

2. Միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում հետևյալ կարգով.

1) մինչև քսանական րոպե տևողությամբ ելույթներով հանդես են գալիս գլխավոր դատախազը և միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են հարցեր տրվել.

2) մտքերի փոխանակություն.

3) միջնորդագրում նշված պատգամավորին և գլխավոր դատախազին եզրափակիչ ելույթի համար հատկացվում է մինչև 20 րոպե:

3. Եթե միջնորդագրում նշված պատգամավորը հարցի քննարկման սկզբում Ազգային ժողովի նիստից անհարգելի պատճառով բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության:

4. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:

5. Ազգային ժողովի նախագահը պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ԱԺ-ին՝ պատգամավոր Արամ Հարությունյանին նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և նրան ազատությունից զրկելու հարցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ