Նիկոլ Փաշինյանին թվում էր, թե Արամ Հարությունյանին գործը իր նախընտրական «ջոկերն» է, որ ինքը հանելու է գրպանից ու «չախի» ՀՀԿ նախընտրական արշավը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Բայց Նիկոլ Փաշինյանն ու իր խորհրդատուները լավ չեն տեսնում, նրանք քաղաքական կարճատեսություն ունեն: Այս դեպքը առավոտյան եկավ ապացուցելու, որ այն, ինչի մասին մենք խոսում էինք, որ հակակոռուպցիոն պայքարը մեծապես շոու է, մեծապես նպատակ ունի վախեցնելու, վարկաբեկելու, փոքրացնելու քաղաքական մրցակիցների կշիռը»,– նշեց նա։
Աշոտյանը նկատում է՝ այս դեպքի մասին Փաշինյանը խոսում էր ամիսներ առաջ, եւ ոչ ոք չէր խանգարում նրան այդ որոշումը կայացնել մինչեւ ընտրարշավը. «Այս միջնորդությունը զավեշտալի է այն առումով, որ ԱԺ-ի կազմը գրեթե ամբողջությամբ քարոզարշավի մեջ է, եւ ես խիստ կասկածում եմ, որ քվորում կարող են հավաքել, որ բավարարեն ԱԺ-ում ներկայացված միջնորդության համար: Երրորդ զավեշտն էլ ավելի մեծ է, Արամ Հարությունյանը չի առաջադրվելու գալիք ընտրություններում, ոչ Հանրապետականի, ոչ էլ այլ ցուցակում նա չկա: Մեզ արդեն զանգել, տեղեկացրել են, որ դեկտեմբերի 24-ից մեր՝ պատգամավորի լիազորությունները կասեցվում են, եւ Արամ Հարությունյանն այլեւս դեկտեմբերի 24-ից պատգամավոր չի լինելու, եւ որեւէ դատախազական, որեւէ ԱԺ նիստի կարիք ընդհանրապես չի լինելու նրա կալանքի որոշումը կյանքի կոչելու համար»:
ՀՀԿ–ականը այս քայլը 3 կոպեկանոց հակաքարոզչություն է որակում. «Ու՞մ է պետք ձեր 3 կոպեկանոց այդ հակաքարոզչությունը, պարոն Փաշինյան: Ձեզ թվում է, որ կարող եք նորից խաբե՞լ այս հասարակությանը, որի աչքերը սկսել են բացվել»։
Աշոտյանը շեշտում է՝ Արամ Հարությունյանը մեղավո՞ր է, թե՞ ոչ, թող որոշի դատարանը, քննությունը, ինքը տալիս է քաղաքական գնահատական։
Նա նաեւ հիշեցնում է՝ մեկ ու կես ամիս առաջ ԱԺ ամբիոնից Փաշինյանը ասում էր, թե ՀՀԿ–ն զրո ձայն է ստանալու, «այսօր 0.5 տոկոս ձայն եք մեզ տալիս, շատ շնորհակալ ենք, բայց մենք ավելի շատ ձայների ակնկալիք ունենք»։
Աշոտյանը Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին մեղադրում է նաեւ կեղտոտ տեխնոլոգիաներով հակաքարոզչություն իրականացնելու համար. «Բայց Արամ Հարությունյանի դեպքը ցույց է տալիս, որ ձեր հակակոռուպցիոն պայքարը բացառապես ընտրողական արդարության հետեւանք է, ասեմ, որ ձեր ջանքերը զրո արդյունավետություն են ունենալու, որովհետեւ ժողովրդի աչքերը բացված են։ Արամ Հարությունյանը մեղավո՞ր է, թե՞ ոչ, թող որոշի դատարանը, բայց Նիկոլ Փաշինյանը մեղավոր է, քանի իր իր քաղաքական թիվ 1 մրցակիցների նկատմամբ կիրառել է կեղտոտ տեխնոլոգիաներ, հակաքարոզչություն: Սպասեիք երեք շաբաթ եւ նոր դա անեիք, հակառակ պարագայում, այն ինչ դուք այսօր ազդարարեցիք, եւ ձեր թույլտվությամբ ու հանձնարարությամբ, դատախազը այդ գործով մտավ մամուլ ու Աժ է դիմել, բացառապես հակաքարոզչության նպատակ է հետապնդում»,– եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ԱԺ-ին՝ պատգամավոր Արամ Հարությունյանին նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և նրան ազատությունից զրկելու հարցով:
Նշենք, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը սահմանվում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով։
Ստորեւ ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ.
«Հոդված 108. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը
1. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:
2. Միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում հետևյալ կարգով.
1) մինչև քսանական րոպե տևողությամբ ելույթներով հանդես են գալիս գլխավոր դատախազը և միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են հարցեր տրվել.
2) մտքերի փոխանակություն.
3) միջնորդագրում նշված պատգամավորին և գլխավոր դատախազին եզրափակիչ ելույթի համար հատկացվում է մինչև 20 րոպե:
3. Եթե միջնորդագրում նշված պատգամավորը հարցի քննարկման սկզբում Ազգային ժողովի նիստից անհարգելի պատճառով բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության:
4. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:
5. Ազգային ժողովի նախագահը պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ»:











