Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը նույն ցուցակի պատգամավորության ռեյտինգային համակարգով առաջադրված թեկնածուներ Հայկ Մամիջանյանի, Գևորգ Գևորգյանի, Lիլիթ Բեգլարյանի և Վահագն Վարագյանի հետ դեկտեմբերի 2-ին այցելել են սահմանապահ Մովսես գյուղ, որտեղ եկեղեցում մասնակցել են պատարագի արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ մամուլի ծառայությունը։
Վիգեն Սարգսյանը և պատգամավորության թեկնածուները հանդիպել են տեղի բնակչությանը, լսել նրանց մտահոգությունները, խոսել սահմանամերձ գյուղի առջև ծառացած խնդիրներից։
Նույն օրը Հանրապետական կուսակցության պատգամավորության թեկնածուները եղել են Զորական (նախկինում Չարդախլու) գյուղում, որտեղ ծաղիկներ են դրել Մարշալ Բաղրամյանի հուշարձանին՝ ծննդյան 121-րդ տարեդարձի կապակցությամբ։ Զորականցիների հետ հանդիպմանն արծարծվել են ամենատարբեր հարցեր առկա մարտահրավերների, բանակի, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի և դրանց լուծումների վերաբերյալ։
«Խիստ մի դատեք, ինչ էլ որ չենք արել, ոչ թե սիրտ չենք ունեցել, ցանկություն չենք ունեցել, ինչքան հասցրել ենք, արել ենք։ Հիմա բոլոր մեղքերը փորձում են կախել Հանրապետականի վզին, ով թալանել ա, թող գնա, դատվի, նստի ու պատիժ կրի։ Ես էլ պաշտպանության նախարար եղած ժամանակ այնպես չի, որ քանի հոգու ձեռք չեմ բռնել, համապատասխան ընթացք չեմ տվել։ Ուղղակի ամեն ինչ չի, որ պետք է ցուցադրական անել»,– ասել է Վիգեն Սարգսյանը։











