News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հաագայի Խաղաղության պալատում դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել Նիդերլանդներում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի նիստը, որի ընթացքում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երեւանյան գագաթաժողովի արդյունքներն ու հարակից միջոցառումները։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ իր խոսքում ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանն արեց հնարավորինը գագաթաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու համար, եւ գոհունակությամբ կարելի է արձանագրել, որ Հայաստան ժամանած բոլոր հյուրերը բարձր տրամադրությամբ եւ կրկին այցելելու ցանկությամբ մեկնեցին Երեւանից։

Դեսպան Բալայանը հանգամանալից անդրադարձ կատարեց երեւանյան գագաթաժողովի արդյունքում ընդունված փաստաթղթերին, Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքների վրա հիմնված եւ կազմակերպության առաջիկա տարիների գործունեությունն ուղղորդող ճանապարհային քարտեզին։

Անդրադառնալով գագաթաժողովի տնտեսական բաղադրիչին՝ դեսպան Բալայանը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի տնտեսական ռազմավարությանը համապատասխան Հայաստանում կազմակերպված Տնտեսական ֆորումը տարածաշրջանային եւ ենթատարածաշրջանային տնտեսական տարածքների հետ գործընկերություն հաստատելու եւ թվային տեխնոլոգիաների հարցերով ֆրանկոֆոն երկրների նախարարների ցանց ստեղծելու հնարավորություն ընձեռեց։

Հաագայում ՀՀ դեսպանը ներկայացրեց նաեւ ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները ու նախաձեռնությունները՝ տեղեկացնելով, որ ծրագրվում է մի շարք միջոցառումներ իրականացնել նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Եվրոպայի խորհրդի հետ համատեղ։

Ելույթից հետո Տիգրան Բալայանը պատասխանեց ներկա դեսպանների բազմաթիվ հարցերի։

Հաագայում ՖՄԿ անդամ երկրների դեսպանները քննարկեցին նաեւ Նիդերլանդներում տեղակայված միջազգային կառույցներում ֆրանսերեն լեզվի օգտագործման խրախուսման հետ կապված հարցերը, ինչպես նաեւ՝ մտքեր փոխանակեցին հաջորդ տարվա գարնանը նախատեսվող ֆրանկոֆոնիայի մեկամսյակի նախապատրաստական աշխատանքների շուրջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ