News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը 2019-2020 թվականներին պետք է վերջնականապես լուծի աղետի գոտում գյուղական համայնքների 542 ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցը: Այս մասին դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կառավարությանն առընթեր Քաղաքաշինության կոմիտեի բնակարանաշինության քաղաքականության եւ կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:

Նրա խոսքով՝ նրանց մեծ մասը՝ 345 ընտանիք Լոռիի մարզից են, 167-ը՝ Շիրակի մարզից, 30-ը՝ Արագածոտնի մարզից: Աղետի գոտու վերականգնման ծրագրի շրջանակում այս խնդիրն ամբողջությամբ լուծվել է քաղաքային բնակավայրերում:
Մնացյալ շահառուներին բնակարանով ապահովելու համար 2019 թվականի պետական բյուջեով 560 մլն դրամ է նախատեսված: Հաջորդ տարվա սկզբին կորոշվի, թե այս գումարը որ շրջաններ եւ ինչ նպատակների է ուղղվելու:

2019 թվականին կավարտվի նաեւ երկրաշարժի հետեւանքով տուժած եւ սեփական ուժերով տուն կառուցել որոշած, բայց շինարարությունն ավարտել չկարողացած ընտանիքների աջակցության ծրագիրը: Լոռիի մարզում այս ծրագրի իրականացման համար 2018 թվականի բյուջեով 460 մլն դրամ էր հատկացվել: Այս ծրագիրը պետք է իրականացներ «Գլենդել Հիլզ» ընկերությունը, որը սնանկ է հայտարարվել:

«Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ է մտել հունիսին, բայց այն հետ են կանչել՝ վտանգների նվազեցման եւ առավել արդյունավետ մեխանիզմների որոնման համար: Որոշման նախագիծն ընդունվել է 2 շաբաթ առաջ, եւ արդեն գարնանը աշխատանքները կսկսվեն: Կավարտվի Լոռիի մարզում 44 ընտանիքների կիսակառույց տների շինարարությունը»,- նշեց Արզումանյանը՝ հավելելով, որ նախկինում հատկացված գումարը պետք է տրամադրվեր իրենց քաղաքացիներին, բայց հետո որոշվեց ծրագրի իրականացումը փոխանցել «Հայաստանում Ֆուլլեր տնաշինական կենտրոն» բարեգործական կազմակերպությանը:

Լուծվել է նաեւ երկրորդ խնդիրը. կառուցապատողի սնանկության պատճառով գյուղական բնակավայրերում անշարժ գույքի 232 միավոր մնացել է կառուցապատողի իրավասությունում եւ մարդիկ հնարավորություն չեն ունեցել տնօրինել իրենց անշարժ գույքը՝ փոխանցվել են մարզպետարաններ, այժմ դրանք քաղաքացիներին վերադարձնելու գործընթաց է իրականացվում:

2017-ի ընթացքում բնակելի անշարժ գույքի 258 միավոր վերադարձվել է սեփականատերերին, 2018-ի ընթացքում այս անշարժ գույքի սեփականեցման համար միջոցներ են հատկացվել:

Վերջին 30 տարիներին Սպիտակի երկրաշարժից տուժած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար ավելի քան 8 մլն դոլար է հատկացվել: Լուծվել է 66400 ընտանիքների բնակարանների հարցը:

Սպիտակի երկրաշարժն անդրադարձել է հանրապետության տարածքի 40 տոկոսին եւ 9 մլն քառակուսի մետր մակերեսով բնակելի ֆոնդին տարբեր աստիճանի վնասներ պատճառել, որից ավելի քան 4 մլն քառակուսի մետրը պետական բնակելի ֆոնդին է վերաբերում:

Սակայն անօթեւան եւ ժամանակավոր կացարան (տնակ-վագոն) ունեցող մարդկանց հարցը աղետի գոտու վերականգնման ծրագրի ավարտից հետո չի լուծվում:

Նախնական տվյալներով, միայն Գյումրիում եւ Վանաձորում 2839 ժամանակավոր կացարան կա՝ մետաղական, փայտե եւ կիսով չափ քարով երեսպատված:

Մոտ 400 ընտանիքներ, որոնք բնակվում են այդ ժամանակավոր կացարաններում, ծանր սոցիալական պայմանների պատճառով վաճառել են իրենց բնակարանները, եւս 200 ընտանիքներ հարակից գյուղերի բնակիրչներ են, որոնք որոշել են  տեղափոխվել քաղաք, 600-ը ընտանեկան հանգամանքների պատճառով լքել են իրենց բնակարանները: Հայտնի չէ, թե ինչպես է լուծվելու 200-300 ընտանիքների բնակարանի հարցը եւ լուծվելու է արդյոք:

Քաղաքաշինության կոմիտեին հանձնարարվել է 2019 թ. այդ տարածքները ժամանակավոր կացարաններից ազատելու,  դրանցում ապրող ընտանիքներին վերաբնակեցնելու եւ քանդման ոչ  ենթակա «տնակների» օրինականացման համար առաջարկությունների փաթեթ մշակել:

Մարզերում բնակելի ֆոնդի մյուս խնդիրը վթարային շենքերի առկայությունն է: Միայն Գյումրիում եւ Վանաձորում մոտ 200 նման շենք կա:

«Այս խնդիրը կարող է լուծվել միայն պետական եւ մասնավոր հատվածի միջեւ համագործակցության շրջանակներում, պետական միջոցների հաշվին խնդիրը չի կարող լուծվել», - նշեց Արզումանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ